Հոգեւորականի եւ Միացյալ երիտասարդական լիգայի ներկայացուցիչների մեկնաբանությունները

Նամակում նաեւ ասվում է, որ Հ. Խաչատրյանը պատվազրկել է Լիլիթ անունով մի աղջկա, հետո, փորձելով խնդիրը հարթել, նրան ամուսնացրել է «Խորանի» անդամներից մեկի՝ Սաշայի հետ: Դեպքի մասին իմացել են Սաշայի ծնողները եւ երիտասարդին մի կերպ «պոկել» «Խորանից»՝ տանելով Գերմանիա:
ՄԵԼ համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը հայտնեց, որ ներկայումս Կուլլերայում բնակվում է «Խորանի» զոհերից Սերգո անունով հայ երիտասարդը, որը հոգեկան խանգարում է ստացել իրեն 4-րդ հարկից ցած նետելու պատճառով: «4 տարի առաջ Արմեն անունով մի երիտասարդ ընկերների հետ փորձել է պայքարել «Խորանի» դեմ, բայց մի քանի օր հետո ավտովթարի է ենթարկվել Կուլլերա-Սուեկա ավտոմայրուղում»,- պատմում է Ս. Հովհաննիսյանը:
Ըստ ՄԵԼ-ի ներկայացուցիչների, Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչները նշել են, որ աղանդավորներից վերցված թանկարժեք զարդերը այժմ վաճառվում են Երեւանի ոսկու շուկայում՝ Խաչատրյանի աներձագի՝ Ռուդիկ Հարությունյանի կողմից:
Ռուսաստանի հայերը նույնպես սատարել են ՄԵԼ-ին: Նրանց նամակում էլ ասվում է, որ Խաչատրյանն ու նրա կինը թմրեցնող դեղամիջոցներ են տալիս «Խորանի» անդամներին՝ ներշնչելով, թե ցանկացած պահի Հիսուսը կիջնի նրանց ետեւից, եւ նրանք կթռչեն երկինք, դրանից հետո մարդիկ դիմում են ինքնասպանության: «Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ նրանք տարբեր փոստարկղերից արգելված գրականություն են տարածում՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու եւ հայկական ավանդույթների դեմ»,- հայտնում է Ս. Հովհաննիսյանը:
Խնդրի շուրջ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ Քրիստոսը երբեք չի խոսել ինքնասպանության մասին. «Պետրոսն ուրացավ Քրիստոսին, բայց ինքնասպանություն չգործեց: Մենք Հուդային չենք ներում, որովհետեւ մեղք գործելուց ոչ թե զղջաց՝ վերադարձավ, այլ ինքնասպան եղավ… Ինչպե՞ս կարող էր մեղքերից ազատող Քրիստոսն ինքնասպանություն քարոզել»:
Խոսելով «Խորանի» գործունեությունից Հայաստանում՝ Սեւակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այստեղ կառույցը չունի այն լծակները, ինչ Իսպանիայում. «Վալենսիայի հայերն ասում են, որ Խաչատրյանը սերտ կապերի մեջ է Իսպանիայի ոստիկանության հետ: Հայաստանում «Խորանը» նույնն է անում, ինչ Իսպանիայում՝ այն տարբերությամբ, որ չի կարողանում ուզածի չափ թալանել: Առհասարակ, «Խորանը» առաջնորդների համար դարձել է ընտանեկան բիզնես»: Հարցի վերաբերյալ Կոմիտաս վարդապետն ասում է. «Աստվածաշունչն ասում է՝ զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք ձեզ մոտենում են ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Տուժածները մեղավոր են այնքանով, որ գնում են ամեն պատահածի ետեւից»:
Ինչ վերաբերում է Սեւակ Հովհաննիսյանին, նշում է. «Ինձ սպառնացել են ու ասել, թե՝ դեսպանատան միջոցով ձեզ հանելու ենք «տռաս»: Նաեւ ակնարկել են այն մասին, որ «Խորանը» գրանցված միջազգային քրիստոնեական եկեղեցի է»:
Խոսելով միջազգային քրիստոնեական եկեղեցիներից՝ Կոմիտաս վարդապետը հավելում է. «Եկեղեցու ձեւավորման համար հարկավոր է կոնկրետ ուսմունք, որը պետք է ունենա իր հստակ դավանանքը: Իսկ խարիզմատիկ եկեղեցին հստակ գաղափարախոսություն չունի: Դրա շարժումներից ոչ մեկը լուրջ հիմքեր չունի, քանզի դավանանքը չկա, որի շուրջ ձեւավորվում է պաշտամունքը: Սովորաբար, դավանանք չունեցող եւ կրոնական կառույցի անվան տակ հանդես եկող կազմակերպություններն իրականացնում են այլ նպատակներ»: Հոգեւորականը նաեւ հավելում է, որ եկեղեցիների համաշխարհային խորհուրդը գրանցում է այն կառույցներին, որոնք ընդունում են Աստվածաշունչը եւ Սուրբ Երրորդությունը. «Բայց այդ կերպ յուրաքանչյուր եկեղեցի կարող է գրանցվել, քարոզել, բայց զբաղվել այնպիսի գործունեությամբ, ինչպիսին այս պարագայում է: Շահույթ հետապնդողներն ամեն ինչ անում են՝ Առաքելական եկեղեցին արժեզրկելու համար: Ով ինչ ուզում, գալիս՝ բարբաջում է»:
Նրա խոսքով՝ մարդիկ կառավարելի եւ ենթարկվող են դարձել, քանի որ կորցրել են իրենց ազգային դեմքն ու հավատքը. «Այսօրվա մարդու համար հավատը դադարել է խորհուրդ լինելուց եւ վերածվել է շոուի: Աղանդավորական կառույցների ներսում հենց շոուն է գործում՝ երգ, աղմուկ, աղաղակ, շարժումներ, ցատկոտել, իբրեւ թե էքստազի մեջ ընկնել, տարբեր լեզուներով խոսել… Դա ցուցադրություն է: Հոգեգալստյան ժամանակ յուրաքանչյուր առաքյալ խոսում էր այն երկրի լեզվով, որտեղ պետք է գնար քարոզելու, իսկ իրենք չգիտես ինչ են ասում, մեկն էլ «թարգմանում» է, թե Սուրբ հոգին այսինչ բաներն ասաց: Սուրբ հոգով ներշնչված մարդն աննպատակ չի խոսի»:
Սեւակ Հովհաննիսյանի հասցեին ուղղված սպառնալիքների շուրջ էլ հոգեւորականը նշեց, որ չկա քրիստոնեության ներկայություն այն դեպքում, երբ «սեր քարոզող» եւ «Քրիստոսին հետեւող» մարդը սպառնում է ուրիշի կյանքը խլել:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































