
Կ.Մանոյանը Զատուլինի հայտարարության մեջ ենթատեքստ չի տեսնում և նշում է. «Վստահ չեմ, որ Զատուլինի հայտարարություններն անպայման ենթատեքստ ունեն: Տպավորությունս այն է, որ նա ծայրահեղ հնչող հայտարարություններ անելու պարտականություն ունի, բայց դա չի նշանակում, որ նրա հայտարարությունները ՌԴ իշխանության կեցվածքի արտահայտությունն են: Ուղղակի ՌԴ իշխանություններն ուզում են ՆԱՏՕ-ի և մի քանի այլ հարցերի կապակցությամբ ծայրահեղ հայտարարություններ հնչեցնել, բայց դա չի նշանակում, որ իրենք այդ կարծիքին են»:
Իսկ Զատուլինի այն հայտարարության մասին, թե անգամ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, ինչ եք պահանջում ՌԴ-ից, պարոն Մանոյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա ՌԴ իշխանության կեցվածքին հարազատ արտահայտություն է, բայց ուզել են նաև այդ տեսակետը հնչեցնել: Իրականում, եթե աշխարհում քառասուն պետություն ԼՂՀ-ի հետ ունենա այն հարաբերությունները, որ ունի ՀՀ-ն, ապա ԼՂՀ միջազգային ճանաչումը երաշխավորված է: Ճիշտ չէ նաև ասել, որ ՀՀ-ն լրիվ ճանաչել է ԼՂՀ անկախությունը, քանի որ իրականում ինչ-որ տեղ տակավին կան քայլեր, որ ՀՀ-ն դեռ կարող է անել, չնայած նման քայլերը կհակասեն ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ՀՀ անկախության մասին հռչակագրում խոսվում է միացման որոշման մասին: ՌԴ իշխանություններն ուզեցին ինչ-որ բան ասել մեզ հրապարակավ, ասեցին, բայց թող Ռուսաստանը մեր չափ ճանաչի, ոչինչ, շատ ճանապարհ կկտրենք, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը չի կարող պատանդ պահել այս բանակցությունները»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ


















































