
Այս առնչությամբ Aravot.am-ը Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն այդպես վարվեց Ձեր հետ եւ չպաշտպանեց Ձեր թեկնածությունը: Տիկին Բիշարյանը պատասխանեց. «Իսկ քեզ ո՞վ ասաց: Ինձ բոլոր կուսակցություններից պաշտպանել են: Գիտեք ինչ, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, անկախ նրանից, թե նա որ կուսակցության ներկայացուցիչ է, բոլոր կուսակցություններից էլ պաշտպանում են: Չի կարելի այդպես մտածել»: Մեր հարցին՝ բայց այդպես հայտարարվեց չէ՞, տիկին Բիշարյանը պատասխանեց. «Այո, հայտարարել են, բայց ես բավականին շատ ձայներ եմ հավաքել, որը տարբերվել է «Օրինաց երկրի» ձայներից: Սա նշանակում է, որ ինձ ձայն են տվել տարբեր կուսակցություններից: Հայտարարությունը կապ չունի, դա քաղաքական պայմանավորվածություն է, որը կապ չունի ընտրության հետ: Մարդը ընտրել է ինձ: Եթե 12 հազար 500 մարդ ընտրել է Հեղինե Բիշարյանին, նշանակում է՝ այնտեղ կան տարբեր կուսակցություններ, որովհետեւ ՕԵԿ-ն այդքան ձայն չուներ, որ ես մտածեմ 12.500-ն էլ «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ են: Սա նշանակում է, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, անկախ իրենց կուսակցական հայացքներից, ընտրում է տվյալ տարածքի քաղաքացին»:
Հռփիսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































