
Իշխանությունների թալանի մասին այս խոսքերը հիմա հիշեցնում ենք, որովհետեւ այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հերքեց, որ ընդդիմությունն ասել է, թե իշխանությունները թալանել են: Երբ պարոն Մինասյանը խոսում էր համաշխարհային ճգնաժամից, որ կառավարության բախտը միայն դրա համար չբերեց, որովհետեւ ճգնաժամ եղավ, Aravot.am-ի դիտարկմանը, որ ընդդիմությունը կարծիք է հայտնել, որ ճգնաժամը օգնության է եկել իշխանությանը, որովհետեւ այն թալանին, որը իրականացվել է, արդարացում ունեցան: Գագիկ Մինասյանը զարմացած էր. «Ինչի՞ թալանը»: Մեր պատասխանին` բյուջեի, պետական բյուջեի, պետական միջոցների` պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Դա հիմարություն է, ի՞նչ է նշանակում բյուջեի թալանը, ի՞նչ է թալանել: Ախր տենց բան մի ասեք, որովհետեւ պետական բյուջեն հաստատվում է Ազգային ժողովում, տող-տող, կոպեկ-կոպեկ հետո գալիս են հաշվետվություն են տալիս: Թալանը որ ասում եք` ի՞նչ է, ի՞նչ թալան, ինչի՞ թալան: Բյուջեի թալանը, մեղմ ասած, դա այն տեղը չի, որտեղից կարելի է թալանել»: Մեր արձագանքին` առաջին անգա՞մ եք լսում, պարոն Մինասյան, ապացույցնե՞ր պիտի ներկայացնե՞նք թալանի` նա պատասխանեց, որ առաջին անգամ է լսում եւ որ նման բան, որ իրենք բյուջեն թալանել են` չի լսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































