
Ադրբեջանական պահվածքի ամենավառ ապացույցը Էդուարդ Շարմազանովը համարում է այն, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին Ադրբեջանն իրականացնում է ռազմական ավանտյուրա, որը, մեր զրուցակցի համոզմամբ՝ պլանավորված է եղել ամենաբարձր մակարդակով: «Ադրբեջանն իր այդ քայլով եւս մեկ անգամ դեմ է հանդես գալիս ոչ միայն բանակցությունների խաղաղ կարգավորմանը, այլ նաեւ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում համանախագահող երկրների առաջարկների, ինչպես նաեւ համանախագահող երկրների նկատմամբ: Այս իմաստով, կարծում եմ, որ համանախագահող երկրները եւ միջազգային հանրությունը պետք է հստակ եւ ադեկվատ պատասխան հայտարարություն հնչեցնեն Ադրբեջանի ոչ կառուցողական, ռազմական գործողությունների առնչությամբ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ վստահ լինելով, որ հայկական կողմը համարժեք պատասխան կտա, որովհետեւ ադրբեջանական կողմը պետք է լավ գիտակցի, որ նման բաները չեն կարող անպատասխան անցնել: Նա նաեւ հավելեց. «Քանի դեռ հանցագործությունները չեն պատժվել՝ դրանք նոր հանցագործություններ են ծնում: Դրա վառ ապացույցը Ադրբեջանի նման լկտի պատվածքն է՝ ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































