
Ըստ Արտակ Կարապետյանի ցուցմունքի, երբ նա տեսել է Տիգրան Առաքելյանին գետնին ընկած, փորձել է կռանալ, որ օգնի, իրեն էլ են խփել ոստիկանները. «Ես այդ ժամանակ մտածում էի հանկարծ շորերս չճղվեն, որովհետեւ մտածում էի՝ տուն եմ գնալու, ծիծաղելի տեսք չունենամ, չգիտեի ինչ է լինելու դրանից հետո: Ձեռքերս կապելու ժամաակ ակնհայտ լկտի կերպով էին անում՝ հասարակության մեջ, Տերյանով քարշ տալով տանելով: Ես չգիտեմ ինչն էր իրենց նպատակը, թե տեսեք ինչ կանենք բոլորիդ՝ հասարակությանը ցույց տալու, որովհետեւ ես մտադիր չէի դիմադրելու:Ինձ տարել են երկու պարեկային, չեն բացատրել, թե ուր են տանում, ինչի համար:
Հիշում եմ, որ մեզ ուզում էին առանձնացնել: Երկրորդ հարկում պատի տակ մեկը՝ օպերլիազոր Կարենը քաշեց, պառկացրեց նստեց վրես ու սկսեց խփել դեմքիս՝ ասելով՝ ինձ չես ճանաչում, նայի, որ ճանաչես: Հետո մի կերպ սողոսկելով փախա միջանցք, ինձ այնտեղ ասացին, որ դա օպեր Կարենն ա, նա քաղաքացիական հագուստով էր: Մի բարձրաստիճան ոստիկանի, քրեականի պետն էր կարծեմ, խնդրեցի մի միջոցառում ձեռնարկի, որովհետեւ իր աչքի առաջ ես ծեծի էի ենթարկվել: Ասեց՝ ես ոչ մի բան չեմ տեսել»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ եւ Վահագն Գեւորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































