
Նույնը կամ գրեթե նույնն է կատարվել վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ինչ դոլարի փոխարժեքը գերազանցեց 400 դրամը եւ այժմ 406-410 դրամի միջակայքում է: Կրկին եղան մարդիկ, որ նետվեցին իրենց մոտ եղած դրամը դոլար դարձնելու, անկախ այն բանիցՙ մե՞ծ գումար է խնայողությունը, թե՞ ոչ, արտերկրի հետ ինչ-որ գործարք, արտարժույթով ինչ-որ վճարում ունե՞ն անելու, թե՞ ոչ:
Նման դեպքերում, երբ փոխարժեքը կայունանում է եւ դոլարը վերադառնում կամ մոտենում է նախկին դիրքերին, նույն մարդիկ Հայաստանի ներսում կատարվող ծախսերի համար իրենց փոխած դոլարը կրկին դրամ են դարձնում եւ փոխարժեքի փոփոխության ժամանակ արդեն տուժում են: Այս անգամ եւս, ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ կտուժեն: Ամենայն հավանականությամբ ենք ասում, քանի որ փոխարժեքը կախված է բազմաթիվ` ներքին եւ արտաքին գործոններից, եւ հստակ հնարավոր չէ ասել, թե ինչ տատանումներ կունենա առաջիկայում:
Այդուհանդերձ, կարելի է ենթադրել, որ առաջիկա շաբաթներին դրամը որոշակիորեն կուժեղանա: Ինչո՞ւ: Նախ գոյություն ունի օբյեկտիվ գործոնը` գյուղմթերքների առատության սեզոնը, որի ժամանակ սովորաբար դրամն ուժեղանում է, իսկ դոլարը` արժեզրկվում: Դա լինում է ամռան ամիսներին եւ օբյեկտիվ գործոններից ամենագլխավորն է այս ժամանակահատվածի համար: Հաջորդ գործոնը Կետրոնական բանկի գործողություններով է պայմանավորված: Ինչպես հայտնի է, վերջինիս հիմնական նպատակը գնաճի զսպումն է: Ինչը նշանակում է, որ ԿԲ-ն իր ունեցած գործիքներով թույլ չի տա դրամին շատ արժեզրկվել: Այս երկու գործոնների ազդեցությամբ հավանական է, որ առաջիկա շաբաթներին դրամի դիրքերը ամրապնդվեն եւ եթե չվերադառնան 390-ի սահմաններին, ապա 400-ի միջակայքից շատ հեռու չեն լինի:
Կարդացեք նաև
Մյուս կողմից, նկատի ունենալով, որ ազգային արժույթի արժեզրկումը նպաստում է արտահանման զարգացմանը, գուցե երկրի իշխանություները թողնեն, որ շարունակի՞ արժեզրկվել: Այս տարբերակը կարող է հավանական թվալ, հատկապես որ դրամի դանդաղ արժեզրկման մասին անցյալ տարի հայտարարել էր երկրի նախագահը, այդպիսով համապատասխան սպասումներ առաջացնելով բնակչութան մեջ եւ տեղիք տալով փոխարժեքի կտրուկ տատանումների այն ժամանակ: Սակայն բարձր գնաճը` սոցիալական լուրջ սպառնալիքով, քիչ հավանական է դարձնում դեպքերի նման զարգացումը: Հետեւաբար, եթե արտաքին լուրջ գործոններ չլինեն, որի արդյունքում դոլարը միջազգային շուկայում ուժեղանա, ապա ներքին գործոններով պայմանավորված առավել հավանական է դրամի որոշակի ամրապնդումը: Այստեղ նույնպես մի վերապահում պետք է անել` եթե մարդիկ չշարունակեն խուճապային տրամադրություններով այլ սպասումներ առաջացնել: Ամեն դեպքում, մնում է միայն սպասել առաջիկա շաբաթների իրադարձություններին, որից հետո վերստին կանդրադառնանք այս թեմային:
«Ազգ»


















































