Վերջին օրերին սահմանային անհանգիստ ու լարված վիճակը, Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, ստիպում է ևս մեկ անգամ հայացք նետել Հայաստանի ներքին կյանքում առկա իրողություններին, որոնք էապես պայմանավորում են Հայաստանի պոտենցիալը հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում: Այս մասին խոսելը ցանկալի չէ, բայց անհրաժեշտ է, որովհետև երկրի ներքին կյանքն է կանխորոշելու հասարակական մթնոլորտը հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ: Եվ երբ այս իմաստով հայացք ենք նետում այդ ներքին կյանքին, ապա բավական ուշագրավ զուգադիպություններ են կարծես թե առաջանում:
Օրինակ` Հայաստանում սահմանային իրավիճակը բավականին լարվեց մայիսի 6-ից մի քանի օր առաջ, հետո եղավ դիվերսիա, որին զոհ դարձավ երեք հայ զինծառայող: Մայիսի 6-ին Հայաստանում եղավ խորհրդարանի ընտրությունը, որից հետո երկար ժամանակ հանգիստ էր սահմանում, իսկ Հայաստանում ինտենսիվորեն քննարկվում էր նոր կոալիցիայի, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության հարցը: Եվ ահա, երբ մեկ-երկու շաբաթ անց այդ հարցը հանգուցալուծվեց հայտնի ձևով, հանկարծ մի քանի օրվա ընթացքում կրկին տեղի ունեցավ սահմանային լարում և զոհեր: Սա բավականին հետաքրքրական զուգադիպություն է: Եվ մեկ էլ հետաքրքրական է զուգադիպությունը 2008 թվականի հետ, երբ ընտրություններից և Մարտի 1-ից մի քանի օր անց ադրբեջանցիները կրկին բավականին ագրեսիվ կեցվածքով աչքի ընկան, այդ անգամ Մարտակերտի ուղղությամբ: Այս առումով, այն ժամանակ ամեն ինչ բացատրվեց ընդդիմության ցույցերով և Մարտի 1-ով` փորձելով պաշտոնական քարոզչության միջոցով շաղկապել դրանք և արդարացնել իշխանության դաժան գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ներկայումս, սակայն, ցույցեր և հետընտրական բողոքներ չկան, սակայն ընտրություններից հետո կրկին կա ադրբեջանական ագրեսիվություն:
Այս ամենը բավականին հետաքրքրական է և առաջացնում է հետաքրքիր ասոցիացիաներ: Հետաքրքրականությունը շարունակում է այն, որ սահմանային լարվածությանը բավականին արարողակարգային անդրադարձ եղավ Հիլըրի Քլինթընի երևանյան այցի ընթացքում, իսկ Սերժ Սարգսյանն էլ բավական հանգիստ կերպով հեռացավ Հայաստանից և մեկնեց Ճապոնիա: Սակայն այստեղ հետաքրքրական է, որ նրան Ճապոնիա ճանապարհողների մեջ եղել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչը, ըստ երևույթին, վկայում է այն մասին, որ մինչև վերջին պահը եղել են ներիշխանական լուրջ քննարկումներ` կապված ամենայն հավանականությամբ թե՛ ներքին, թե՛ արտաքին զարգացումների հետ:
Իրավիճակն իսկապես չափազանց անորոշ է, համենայնդեպս հասարակական հայացքի տեսանկյունից: Իսկ հանրային ցանկացած անորոշություն ամենևին չի բխում պետական շահից: Այս ֆոնին բավական ուշագրավ է նաև քաղաքական ուժերի իներտ պահվածքը: Կա՛մ նրանք բոլորը գիտեն մի բան, որ չգիտե հանրությունը, կա՛մ պարզապես նրանցից ոչ ոք չգիտե ինչ ասել հասարակությանը, քանի որ կարծես թե ավելի ու ավելի է պարզ դառնում նրանց բոլորի համատեղ գործունեության հանգեցրած ներքին ու արտաքին ճգնաժամի և անելանելիության ամբողջ ընդգրկումն ու խորությունը:
Կարդացեք նաև
«Ժամանակ»