
«Ուսումնամարզական հավաքի հրավիրել ենք 25 ֆուտբոլիստի, որոնցից վաղն ընտրելու ենք 18-ին: Այս անգամ սովորականից շատ երիտասարդ հրավիրել ենք այն նպատակով, որ նրանք, ում տարիքը թույլ կտա հանդես գալ նաեւ հաջորդ մրցափուլում, ծանոթ լինեն հավաքականի միկրոկլիմային: Հավաքն անցնում է նորմալ հունով եւ որեւէ խնդիր չկա կապված ոչ ֆուտբոլիստների, ոչ էլ մարզումների հետ», – ասաց Ռաֆայել Նազարյանը:
Պատասխանելով առաջիկա մրցակցի հետ հանդիպման հաշվի ակնկալիքների մասին, գլխավոր մարզիչն ասաց. «Ճիշտ է, Անդորրան խմբում ընթանում է վերջին տեղում, սակայն նրան անտեսել ոչ մի դեպքում չի կարելի: Նրա հետ արտագնա հանդիպումում մեր հավաքականի ցուցադրած խաղն ամենադժգույններից էր: Հաղթանակը մեզ շատ մեծ դժվարությամբ տրվեց: Անչափ դժվար է խաղալ մի թիմի հետ, որն ամբողջ կազմով պաշտպանվում է: Ես այս ամենի մասին զրուցում եմ տղաների հետ, ասում, որ մեզ շատ դժվար խաղ է սպասվում եւ ոչ մի մրցակցի թերագնահատել չի կարելի»:
Ռաֆայել Նազարյանի խոսքերով՝ խմբից դուրս գալու համար ամենակարեւորը հունիսի 12-ին կայանալիք հանդիպումն է լինելու, որում մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ: Հարցին, թե մեր թիմն, ըստ էության, միակն է խմբում, որ Անդորրայի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակ չի տարել եւ չե՞ն պատրաստվում, արդյոք, այդ բացը լրացնել, գլխավոր մարզիչը հակադարձեց. «Ինձ հիմա հետաքրքրում է միայն հաղթանակը: Հաշվին առայժմ այնքան էլ կարեւորություն չեմ տալիս, թեեւ դա ցանկալի է: Ի վերջո, հաղթանակը հաղթանակ է եւ երեք միավոր»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































