Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով քննում է մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի դիմումը: Նա դիմումում վիճարկում է մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքների վերաբերյալ թիվ 9 ԸԸՀ մայիսի 11-ի թիվ 16-Ա որոշումը: Զեկուցողն է ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը:
Դատարան էր ներկայացել պատասխանող կողմը՝ ԸԸՀ նախագահ Եղիշ Տերտերյանը եւ ԿԸՀ իրավաբանական բաժնի պատասխանատու Նունե Հովհաննիսյանը: Դիմումատուն, ոչ էլ նրա ներկայացուցիչը դատարան չէին ներկայացել, թեեւ պատասխանող կողմը երկու օր առաջ ներկայացրել էր իր բացատրությունները: Ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, երեկ օրվա երկրորդ կեսին դիմող կողմը բանավոր ասել է, որ լրացուցիչ ոչինչ չունի ավելացնելու իր դիմումին:
Սահմանադրական դատարանը անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: