
«Ընդամենը մեկ շաբաթ առաջ ես ողջունել էի սոցիալական ցանցերի ակտիվիստ Բախտիար Հաջիեւին ազատ արձակելու որոշումը, հուսալով, որ Ադրբեջանից նոր լավ լուր կստանանք», – ասել է Միյատովիչն ու ավելացրել. – «Դժբախտաբար, այսօր ես նորից պետք է իշխանություններին հիշեցնեմ բացասական զարգացումների մասին»։
ԵԱՀԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ, մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչը նախօրեին նամակով դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին եւ արծարծել լուսանկարիչ, բլոգեր Մեհման Հուսեյնովի խնդիրը։
Բլոգերին, ով Բաքվում լուսաբանել է հանրահավաքներից մեկը, հիմա մեղադրում են ոստիկանության սպայի հետ վիճաբանության ժամանակ նրան հայհոյելու մեջ եւ խուլիգանության հոդվածով կարող են դատապարտել 5 տարվա ազատազրկման։
Կարդացեք նաև
Մամեդյարովին հասցեագրած նամակում Միյատովիչը անդրադարձել է նաեւ իրանական լրատվամիջոցներին թղթակցող լրագրող Անար Բայրամլիի գործին։
Բայրամլին մեղադրվել է թմրամիջոցներ պահելու մեջ եւ հունիսի 11-ին դատապարտվել երկու տարվա ազատազրկման։
«Հույս ունեմ, որ Հուսեյնովին առաջադրված մեղադրանքը չեղյալ կհայտարարվի, որ ազատ կարձակվեն նաեւ «Խայալ-ԹիՎի» հեռուստաընկերության լրագրողներ Զաուր Ղուլիեւը եւ Վուգար Ղոնաղովը։ Լրագրողներին բանտեր նետելով չեն պատասխանում քննադատական լրագրությանը։ Մամուլը պետք է ազատ լինի եւ այդպես հասարակությունում իր կարեւոր դերը կատարի», – ընդգծել է Դունյա Միյատովիչը։
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով հատուկ ներկայացուցիչը նաեւ մտահոգություն է հայտնել «Տեղեկատվություն ստանալու», «Պետական ռեգիստրի եւ իրավաբանական անձանց պետական գրանցման», ինչպես նաեւ «Առեւտրի գաղտնիքների» մասին օրենքները հունիսի
12-ին Միլի մեջլիսում լրամշակելու կապակցությամբ։
Միյատովիչի համոզմամբ, այդ լրամշակումները կարող են երկարատեւը եւ բացասական ազդեցություն գործել մամուլի ազատության եւ տեղեկատվության մատչելիության վրա, «ինչն առավել ցավալի է` հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում ժամանակին ընդունված տեղեկատվության մատչելիության օրենքը լավագույններից մեկն է տարածաշրջանում»։
Դունյա Միյատովիչն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերանայել այդ լրամշակումները։
«Իմ ղեկավարած գրասենյակը պատրաստ է Ադրբեջանին աջակցել մամուլի ազատության խնդրով ստանձնած պարտավորություններն իրականացնելու հարցում», – ընդգծել է Միյատովիչը Մամեդյարովին հասցեագրած նամակում։


















































