
Խոսք ուղելով հանքարդյունաբերության ոլորտի եւ այդ բնագավառում տիրող մենաշնորհային ներկայիս իրավիճակին, տիկին Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում գործող հանքերի` հատկապես հանրապետության համար մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եկամուտների ճիշտ բաշխման դեպքում հնարավոր կլինի իրականացնել այնպիսի ծրագրեր, որպեսզի ժողովուրդն աղքատ չլինի: «Նախ, այդ կոմբինատի սեփականաշնորհումը տեղի ունեցավ ապօրինի, որի վերաբերյալ հարցը բարձրացրել ենք, նաեւ եկամուտների հարցն ենք բարձրացրել, որ պետք է հետ վերադարձվի ժողովրդին: Այդ հանքի միջոցով կարելի է շատ սոցիալական խնդիրներ լուծել, նաեւ այն հետեւանքները, որ առաջացնում է կոմբինատը: Ժողովուրդը չլինի ծիծաղելի ու ողբերգական վիճակում: Նույն Քաջարան քաղաքի տներ եմ գնացել, տեսնելու թե ոնց են ապրում: Բայց հանքում աշխատելով՝ նրանք եւս չքավոր են ապրում: Ո՞նց կարող է, որ այդ հանքը մեծ եկամուտներ կարող է բերել մի քանի հոգու, բայց կոմբինատի աշխատողը լինի չքավոր, անարդարացի վիճակ է: Այսօր քննարկվում է բյուջեն, պետք է հասկանանք, ինչի վրա պետք է հիմնվենք, ինչ բաշխումներ պետք է արվեն: Դեմ եմ նոր հանքերի բացմանը, բնապահպանական տեսանկյունից եմ ասում: Եղածները հերիք են, բայց պետք է եկամուտները հավասար բաշխվեն: Քաջարան գյուղը հանրապետական կուսակցությանը ձայն է տվել: Սա ինձ համար զարմանալի է, քանի որ այդ կուսակցությունը գյուղը վերացնելու որոշում է կայացրել, բայց իրենք ձայն են տալիս, կարող էին ոչ մեկի օգտին չքվեարկել: Չեմ ուզում մտածել, որ այդ չնչին գումարով են ձայն տվել: Խնդիրը այն է, որ այդ քաղաքացիների մոտ ինչ-որ օրինակելի պահ կա, որ իրենք պետք է իրենց մեջ հաղթահարեն: Մեր պայմանագիրը խզելու, պահանջները հստակեցնելու մշակույթը չի ձեւավորվել մեր մեջ: Այդ գործում շատ եմ կարեւորում այսպիսի հանդիպումները»,- ասել է Զ.Փոստանջյանը:
Մասնակիցները կին քաղաքական գործչի հետ կայացած հանդիպման ժամանակ կարծիք հայտնեցին, որ գրված օրենքները միայն երեւանցիների համար են, դրա համար էլ մարզկենտրոնից բնակիչներն ուզում ենք թողնել ու գնալ Երեւանում ապրել: «Աշխատավարձները Երեւանից երկու անգամ ցածր է, ամեն ինչ թանկ է Երեւանի համեմատ: Երեւանում ավելի հարմար է ապրելը: Սահմանից եկող ապրանքն այստեղ ավելի թանկ է, քան մայրաքաղաքում: Ամեն ինչ` սննդամթերքը, հագուստը, շինանյութը հսկողությունից դուրս է: Այսօր խնդիր դարձել, թե ի՞նչ անենք, որ վնաս քիչ կրենք», -բարձրաձայնեցին կապանցի կանայք:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































