
Ամեն տարի ամռան սեզոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը վատթարանում է: Հատկապես՝ ջուր չեն ունենում Նոր Նորքը, Նորք- Մարաշը, Չարբախը եւ բոլոր այն թաղամասերը, որտեղ բնակիչներն այգիներ ունեն եւ ոռոգման ցանցի բացակայության պատճառով իրենց այգիները խմելու ջրով են ոռոգում: Նոր Նորքի բնակիչները տարիներ ի վեր, իրենց համայքնում տեղի ունեցող ջրազրկումները պայմանավորում են Ջրաշխարհով, սակայն մայրաքաղաքի ջրամատակարարման համար պատասխանատուները նորքեցիների բողոքներին ի պատասխան՝ վստահեցնում են, որ ժամանցի այդ օբյեկտը ոչ մի կապ չունի: Գագիկ Մարգարյանն ասաց. «Ամեն տարի մենք այս մասին պարզաբանում ենք, բայց, չգիտես ինչու, լրատվամիջոցները միակողմանի եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են դրսեւորում իրենց հրապարակումներում»:
«Երեւան Ջուր» ընկերության «Արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանի խոսքերով, Ջրաշխարհը իրենցից գնում է միայն կենցաղային կարիքների համար նախատեսված ջրաքանակ, որը միջին հաշվով փոքր բազմաբնակարան շենքի չափ ջուր է կազմում. «Ջրաշխարհը դեռեւս չի աշխատում, բայց մեր ջրատարում նախորդ շաբաթ ունեցանք կտրուկ նվազում՝ կապված ոռոգման սեզոնի հետ եւ մի քանի ժամվա ընթացքում շատ մեծ ծանրաբեռնվածություն եղավ ցանցի վրա, ինչի պատճառով Նոր Նորք վարչական շրջանը եւ Սարի թաղը մոտ 2 օր ունեին ջրամատակարարման խնդիր: Մենք հարկադրված բարձր ճնշման ջուր ենք մատակարարում ցանց, որպեսզի պակասը լրացվի»:
Aravot.am-ի հարցին, թե ջրի սակագինը նվազելո՞ւ է, ինչպես որ ամրագրված է կառավարության հետ կնքած պայմանագրում, պարոն Մարգարյանի պատասխանը՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Շենգավիթցիների այն բողոքներին էլ, թե Դելֆինարիումի կառուցումից ի վեր հարակից շենքերի ջրամատակարարումը կտրուկ վատացել է, Կարապետ Օհանյանն ասաց.«Դելֆինարիումը Շենգավիթ վարչական շրջանի ընդամենը մի փոքրիկ հատվածի մեջ է գտնվում, եւ այն շենքերը, որոնք իրենց ջրամատակարարումը կապում են Դելֆինարիումի հետ, գտնվում են այլ սխեմայով սնվող համակարգում եւ սնվում են այլ համակարգից»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































