Սահմանադրական դատարանը ժամը 10.00-ին քննության է դրել Դավիթ Մաթեւոսյանի թիվ 38 ԸԸՀ-ի մայիսի 11-ին կայացրած թիվ 64 որոշման հետ կապված գործը: ՍԴ աշխատակարգային որոշմամբ սահմանվել է գրավոր ընթացակարգ: Այս գործով զեկուցողն է ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը: Դիմումատուի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը: Նկատենք, որ ինչպես մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածուների դիմումների քննարկման ժամանակ էր, այսօր էլ դատարան էր ներկայացել պատասխանող, ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նունե Հովհաննիսյանը: Պատասխանող ճանաչված թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանն էլ էր ներկայացել ՍԴ: Զեկուցողը մինչեւ խորհրդակցական սենյակ մտնելը հայտնեց, որ ԱԺ պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի դիմումը «գրեթե նույնն է, ինչ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով դատարան ներկայացված դիմումների եւ նախորդ որոշումների վերաբերյալ դիրքորոշումները», սակայն մի տարբերություն կար՝ թեկնածուն բարձրացրել էր գրանցման մասին հարցը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հունիսի 7-ին պատասխանողի բացատրությունները տրամադրվել են դիմողին, սակայն որեւէ նկատառում այդ կապակցությամբ ՍԴ չի ներկայացվել: Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է՝ այդ գործով որոշում կայացնելու համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: