
Կառավարության ծրագրում աղետի գոտու վերաբերյալ հիշատակված չէ, ուստի Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե համարում եք, որ աղետի գոտին այլեւս վերականգնվա՞ծ է: Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ աղետի գոտու իրենց աշխատանքները շարունակելու են, բայց այն մեծածավալ ներդրումները, որոնք արվում էին, հիմա չեն արվելու, փոխարենը՝ Գյումրիին նոր մշակութային շունչ են հաղորդելու:
Պարոն Փաշինյանը նաեւ մենաշնորհներից հարցրեց, նշելով, թե թույլ կտա՞ն բենզինի, ձեթի, շաքարավազի, դիզվառելիքի շուկայում, որ հայտնվեն սկսնակ բիզնեսմեններ՝ ինչի առնչությամբ վարչապետը նշեց, որ այնտեղ մուտք գործելու պատասխանը տալու է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը բացառելու է խոչընդոտները այդ դաշտ մտնելու եւ չի լինելու չարաշահման որեւիցե մի դեպք:
Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ ուզում է հասկանալ՝ կգա՞ մի ժամանակ, որ շաքարավազի շուկայում կլինի ոչ թե մի, այլ 20 ընկերություն. «Ես հասկացա, որ չի լինի եւ «Փակ շուկան» էլ կշարունակվի քանդվել եւ հերթական հուշարձանից որեւէ բան չի մնա»: Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Պատկերացումները, թե ինչպիսին կլինի ծածկած շուկան՝ շատ տարբեր են, հիմա թե ով է ճիշտ այդ պատկերացումներում, մեր քաղաքական գնահատականները լինելու են տարբեր: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի խաղի կանոններ, որ ձեր կարծիքը հաշվի է առնվել եւ կատարվել է մեր պատկերացումները: Իսկ շուկայում խնդիր չենք դնում 3 -ը կլինե՞ն, թե՞ 30, մենք չենք կարող շուկան արեստականորեն բաժանել 30 մասերի: Պետության նպատակը կայանում է նրանում, որ ստեղծենք հավասար մրցակցային պայմաններ, որ եթե որեւիցե մեկն ուզում է մտնել շաքարավազի շուկա՝ չունենա խոչընդոտներ, դրա համար ստեղծել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով»:
Կարդացեք նաև
Վարչապետը Նիկոլ Փաշինյանի հարցերից մեկը թողեց անպատասխան: Այն վերաբերում էր հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպերին, որի մասին հանրությունը անհանգստացած է՝ համարում եք որ այդ ոլորտում ամեն ինչ նորմա՞լ է, թե սահմանային անվտանգություն է պետք է սահմանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































