
Քաղցկեղով հիվանդ, 3-րդ կարգի հաշմանդամ է նաեւ Սաթենիկ Սարգսյանը:
Նա հայտնեց, որ 1992թ-ից մինչեւ 2010թ.մայիսի 6-ն աշխատել է «Հայինկասացիայում»: Նշված օրն էլ տեղյակ է պահվել, որ հրավիրվում է հարցաքննության: Նա հիշեց գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ասածն իր մասին՝ եղել է երկրորդ պլանում:
2008թ. ձմռանից «Արուսյակ» կոոպերատիվից ստացած գումարները կանխիկացրել է: Կանխիկացման նպատակով տնօրինությունը հատկացրել է մեքենա: Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ կանխիկացրած գումարներն ամբողջությամբ տվել է Անահիտ Գրիգորյանին, իսկ դրա համար որեւէ գումար չի ստացել. «Կանխիկացրել եմ, բայց չեմ հափշտակել»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ աշխատել է մի քանի ձեռնարկությունների հաշվապահություններում, վարել է «Ռոսիա» տոնավաճառի 80-100 անհատ ձեռներեցների գործավարությունները: Նա տեղեկացրեց, որ «Հայինկասացիայում» ստուգումներ են եղել 2008-ին, իսկ 2009-ին պարզվել է, որ պակաս է 262 մլն.դրամ գումար:
Միայն «Ինկասացիայում» ստուգումներ են անցկացրել Կենտրոնական բանկից, հարկայինից, իրենց վերադասը՝ 26 մարդ եւ 52 աչք, ըստ ամբաստանյալի, որոնք չեն նկատել այդ ահռելի թիվը:
Սաթենիկ Սարգսյանը բերեց օրինակներ, երբ գումար է ստացել «Սաթիկ» անվան դիմաց:Ըստ նրա դա կեղծիք է, այնպես, ինչպես, կեղծիք է, երբ գտնվելով արձակուրդի մեջ դարձյալ 4 միլիոնի դրամարկղային կտրոն է դուրս գրել:
Ի դեպ, երբ ցույց տվեց ձեռագիր հաշվարկները, ասելով, թե «Աչքերս ցավում են, սեւագիրը կհանձնեմ Ձեզ», դատախազ Հարություն Հարությունյանը քմծիծաղ տվեց:
Սաթենիկ Սարգսյանն անդրադարձավ թվով 44 կտրոններին, հայտնելով, որ միայն մեկում է երեւում իր ստորագրությունը:
Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ 1 միլիարդ 400 700 դրամ արժեքով «Հայինկասացիան» ձեռք է բերել ուղղաթիռ, որի գումարն էլ դրվել է… իրենց ուսերի վրա:
Հիշեցնենք, որ «Հայինկասացիայի» պատասխանատուն՝ Վիկտոր Գրիշյանը մահացել է: Հաջորդը ցուցմունք կտա Անահիտ Գրիգորյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ-Պատկառելի տարիքի ամբաստանյալ կանայք հրաժարվեցին նկարվել:

















































