
Այս համատեքստում ես կրկին ուզում եմ հիշեցնել ապրիլի 3-ին Բաքվում, Եվրանեսթի Վեհաժողովում Ադրբեջանի նախագահի հնչեցրած ելույթը, որը ռասիզմի, այլատյացության անգերազանցելի շեդեւր կարելի է համարել։ Եվ բնավ պատահական չէ, որ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի պատրաստած զեկույցը արձանագրել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ու մամուլը Հայաստանի եւ հայերի հասցեին մշտական բացասական հայտարարություններով ավելի են սրում անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ, ինչը ուղղակիորեն անթույլատրելի է։ Ուստի, մենք բոլորս համատեղ ուժերով պետք է պայքարենք ցանկացած գործողության, կամ խոսքի դեմ, ինչը կարող է խորացնել լարվածությունը տարբեր ռասսայական, ազգային, կրոնական կամ սոցիալական խմբերի միջեւ։
Եվ այս կոչը ես կհասցեագրեի նաեւ Թուրքիայի իշխանություններին, որտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումները հետեւողական բնույթ են կրում, եւ մեր Վեհաժողովի ամբիոնից քանիցս այդ մասին խոսելու առիթ ունեցել ենք։
Հարգելի գործընկերներ, ես կցանկանայի մեջբերել նաեւ տիկին Նուրսունայի զեկույցից մի հատված, ուր Վեհաժողովը կոչ է անում ԵԽ անդամ երկրներին մշակել դպրոցական ծրագրեր, որոնք կներառեն հակառասիստական կրթություն, կոնֆլիկտների խաղաղ կարգավորում։ Ես հորդորում եմ Վեհաժողովի անդամ իմ գործընկերներին՝ ուսումնասիրել մասնավորապես ադրբեջանական որոշ դասագրքերը, որտեղ հայը ներկայացված է որպես ջարդարար մարդասպան։ Ավելին, որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես ադրբեջանական այդ դասագրքերի միջազգային փորձաքննություն եմ պահանջելու, քանզի այդ դասագրքերով մեծացած սերունդը է՜լ ավելի է խորացնելու անհանդուրժողականության, այլատյացության, ռասիզմի ու ծայրահեղականության լրջագույն խնդիրները, որոնց առջեւ այսօր կանգնած է Մեծ Եվրոպան»:
Կարդացեք նաև


















































