
Պարոն Անանյանը նկատեց, որ վերջին շրջանում կեղծ բարերարների գումարները լծվել էին նախընտրական ձայներ հավաքելու գործին. «Բայց Գյումրու քաղաքապետը խոստացավ հոգալ նաեւ վերանորոգման ծախսերը: Թումանյանի տունն այսուհետ կիրականացնի կրթական, գրական եւ մշակութային գործառույթներ՝ Թբիլիսիում դառնալով հայկական մշակութային օջախ»:
Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ այժմ բանակցություններ են տարվում բնակարանի մյուս հատվածը ձեռք բերելու ուղղությամբ, որտեղ Թումանյանի ծոռնուհին է ապրում: Իսկ մինչ այդ նախատեսվում է որոշ ծրագրեր իրականացնել. «Վրաստանում գործում է հայ գրողների վերնատուն, հայ մտավորականների եւ նկարիչների միություն, իսկ հուլիսի մեկից կգործի նաեւ հայ երաժիշտների միությունը: Այս կառույցները գրասենյակներ չունեն, բայց Թումանյանի բնակարանը կդառնա նրանց միջոցառումների վայրը՝ շարունակելով հին Վերնատան առաքելությունը»:
Վազգեն սրբազանը հավելեց, որ մեկ տարի առաջ Վրաստանի քաղաքացիական օրենսդրության մեջ մտցված փոփոխության արդյունքում Վիրահայոց թեմին տրվեց սեփականություն ունենալու իրավունք. «Դա հնարավորություն կընձեռի ետ բերել Վրաստանում հայկական գործող եւ չգործող եկեղեցիները, որոնց թիվը հասնում է, համապատասխանաբար, 40-ի եւ 300-ի: Իսկ Թումանյանի տան բացումը նախատեսում ենք անել աշնանը՝ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































