
-Միտքս ,-ասաց ամբաստանյալը:
Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց Մխիթար Մխիթարյանի նախաքննական ցուցմունքները, զինվորների հետ նրա առերեսման արձանագրությունները: Դատավորը դժվարանում էր ընթերցել քննիչների գրառած ցուցմունքները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը բազում դեպքերով համոզվել է, որ քննիչները դժվար ընթեռնելի ձեռագիր ունեն, որ հարկ է քննչական ծառայության ուշադրությունը հրավիրել դրա վրա:
Ամբաստանյալն ասաց, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները ճիշտ են, իսկ առերեսման ժամանակ իր դեմ ցուցմունք տված զինվորների ցուցմունքները` սխալ: Այդ զինվորները ցուցմունք էին տվել, որ Մ. Մխիթարյանը ծաղրալից տոնով է շփվել Արտակ Նազարյանի հետ: Վկաների ցուցմունքներով` Մխիթարյանը մի անգամ հրաժարվել է իրեն պատկանող բջջային հեռախոսի լիցքավորման մարտկոցը տալ Նազարյանին, այդ մերժումից հետո Նազարյանը ձեռքով թեթեւակի հարվածել է Մխիթարյանի ուսին եւ ասել` լավ չես անում, Մխիթարյանն էլ սեռական հայհոյանքներ տալով ` հարվածել է Նազարյանին, եղել է ծեծկռտուք: Մխիթարյանն ասաց, որ ինքը բջջային հեռախոս եւ դրա լիքավորման մարտկոց չի ունեցել; Նախաքննության ընթացքում Մխիթարյանը սկզբից ժխտել է, որ կապիտան Հակոբ Մանուկյանի եւ լեյտենանտ Արտակ Նազարյանի միջեւ ճաշարանում տեղի ունեցած վեճից եւ ծեծկռտուքից հետո ինքն է աղբյուրի մոտ լվացվելու ուղեկցել Արտակ Նազարյանին, ում քթից արյուն էր հոսում: Սակայն Հակոբ Մանուկյանի հետ առերեսման ժամանակ Մխիթարյանը խոստովանել է , որ ինքն աղբյուրի մոտ է ուղեկցել Նազարյանին: Մխիթարյանը դատարանում հայտարարեց, որ կապիտան Մանուկյանն իրեն չի հրահանգել Նազարյանին աղբյուրի մոտ ուղեկցել : Պատասխանելով մեղադրող Հարություն Հարությունյանի այն հարցին, թե իր դեմ ցուցմունք տված զինվորների հետ Մխիթարյանը լավ հարաբերություններ է ունեցել, ինքն ինչո՞ւ է նրանց ցուցմունքները կեղծ համարում, ամբաստանյալն ասաց, որ վկաները ռազմական ոստիկանության նույն խցում են եղել, նրանց ցուցմունքները պայմանավորված են: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մխիթարյանը նույն ժամանակահատվածում առերես հարցաքննվել է Հարութիկ Կիրակոսյանի եւ Արտակ Հովհաննիսյանի հետ: Ընդմիջումից հետո դատարանում ցուցմունք կտա քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































