
Խոսելով 5-րդ գումարման ԱԺ-ի քննարկումներից ստացած իր տպավորություններից՝ Շիրակ Թորոսյանը նշեց. «Խորհրդարանի գրագետ ընդդիմությունը էականորեն նպաստում է խորհրդարանի արդյունավետ աշխատանքին»: Մենք հետաքրքրվեցինք՝ այդ ընդդիմության մեջ ԲՀԿ-ին է՞լ եք դասում՝ նա պատասխանեց. «Իրականում մենք ունենք բազմաշերտ եւ գրագետ ընդդիմություն՝ ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ «Ժառանգությունը», ե՛ւ Դաշնակցությունը իմ նշած այդ չափանիշի մեջ տեղավորվում են: ԲՀԿ-ն, ինչպես ինքը հայտարարել է, գործում է կառուցողական դաշտում: Որոշ հարցերի դեմ են քվեարկում, որոշ հարցերի կողմ են քվեարկում, դա արդեն որոշում են իրենք: Մասնավորապես, կառավարության ծրագրին նրանք դեմ քվեարկեցին»:
Մեր մյուս հարցին` նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք, պարոն Թորոսյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Ես չեմ կարող առաջ անցնելով՝ ասել: Ամեն ինչ հնարավոր է՝ կարող են ե՛ւ համագործակցել, ե՛ւ չհամագործակցել: Դա նույնիսկ, կարծում եմ, դեռ իրենք չեն որոշել, ուր մնաց, որ ես ենթադրությունն եր անեմ»: Իսկ այն հարցին, թե` ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալն ինչպե՞ս եք մեկնաբանում՝ վարչապետի պաշտոնի համա՞ր էր՝ պատգամավորը պատասխանեց. «Դա իրենց որոշելիքն է, նրանք բացահայտ հայտարարել են, որ կառավարության կազմում եւ գործունեության վերաբերյալ իրենց տեսլականն այլ է եւ չի համապատասխանում»: Ճշտող հարցին` թե՞ պատասխանատվությունից խուսափելու խնդիր կար, Շիրակ Թորոսյանն այսպես արձագանքեց՝«Նրանք չեն խուսափել պատասխանատվություն կիսելուց, ժամանակին մտել են կոալիցիա, հետեւաբար, կարծում եմ, որ պատկերացումների ընդհանրությունը չկար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































