
Ավելի պատկերավոր լինելու համար, մեր զրուցակիցը նկատում է, որ անկախ տվյալ պետության տիպից` ավտորիտար, թե դեմոկրատական, մարդուն պատժելու, ազատազրկելու, ուժ, բռնություն կիրառելու «մենաշնորհը» պետությանն է եւ միայն պետական պատկան կառույցներն են իրավասու օրենքի սահմաններում, պատժիչ գործողություններ իրականացնել մարդու նկատմամբ: «Սա վտանգավոր է ոչ միայն հասարակական, այլ պետական անվտանգության տեսանկյունից: Ստացվում է, որ պետության մեջ մրցակցություն է ընթանում պետական եւ մասնավոր կառույցների միջեւ: Օլիգարխները, որոնք իրենց տեր ու տիրակալ են հռչակել որոշակի տարածքներում, ուղղակի ասում են պետությանն` ի դեմս նախագահի, որ այս շրջանակներում որոշողն ու իրականացնողը մենք ենք եւ դու` պետությունը, նախագահը, որեւէ իրավասություն չունեք այստեղ»,- ասում է Ստեփան Գրիգորյանը: Եվ այն, որ մեկ այլ օլիգարխ` Սամվել Ալեքսանյանը, հօգուտ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանողական հայտարարություններ արեց, մեր զրուցակիցը դա դիտարկում է պետությանն ուղղված կրկնակի մարտահրավեր:
Այս համատեքստում, մեր զրուցակիցը շատ դրական է համարում նախագահի քայլը, որի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարություն արեց: Դրական, բայց ոչ բավարար. «Նախագահի արձագանքը շատ կարեւոր էր: Բայց դա միայն առաջին քայլն էր: Մենք չենք կարող վստահ ասել, երաշխավորել, որ վաղը մեկ այլ օլիգարխ, մեկ այլ վայրում իրեն իրավունք չի վերապահի ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ դատաստան տեսնելու: Խնդիրը համակարգային է եւ համակարգային լուծում է պահանջում: Ռուբեն Հայարպետյանը միակ օլիգարխը չէ խորհրդարանում եւ ընդհանրապես: Նախագահը պետք է գնա իր կատարած քայլի շարունակականության եւ փորձ անի համակարգային լուծումներ տալ հարցին, քանի որ դա առաջին հերթին մարտահրավեր է իշխանությանն ու նախագահին: Մենք ենք իշխանությունը` մեր կալվածքում, մեր տեղերում եւ պետությունն այդտեղ անելիք չունի. սա է հայ օլիգարխիայի պահվածքը: Նախագահը պետք է այս կարծրատիպը կոտրի եւ կարգավորի պետության, պետականության ու նախագահի սովերենության հարցը: Նախագահը պետք է ցույց տա, որ «պատժիչ» ֆունկցիա իրականացնելու մենաշնորհը պետության անվտանգությունն ապահովող կառույցներինն է` օրենքի սահմաններում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































