
Սերմացուների ներկրողներից է նաեւ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը: Այսօր Aravot.am-ը պարոն Բերբերյանին փոխանցեց դարակերտցիների մտահոգությունը եւ խնդրեց պարզաբանել: Այս առնչությամբ պարոն Բերբերյանն ասաց. «Եթե ես եմ, իրենք ինձանից են ձեռք բերել, ուրեմն` հենց այսօր գյուղատնտեսությունից կդադարեմ խոսել: Այդ պատվիրված տղաներին ասեք, հենց ստեղ չեմ՝ խոսում են իմ մասին, սկսում են անունս տալ: Այդ մարդիկ ազգությամբ հայ չեն, ովքեր պատվիրել են էդ մասին խոսել»:
Ըստ Հրաչ Բերբերյանի, ցեցերի թեման բարձրացնելը դրսի ուժերի պատվեր է, որոնք ուզում են մեծ վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը. «Շատերին դա ձեռնտու է, հատկապես մեր հարեւան հանրապետություններին: Իրականում 1-2 ֆերմերի մոտ է եղել ցեց, նոր ենք ուսումնասիրում կարանտին տեսչության հետ: Անցյալ տարի նույն մարդը լոլիկի տարածքում նույն կուլտուրան է մշակել: Գյուղնախարարության խնդիրն է, որ գյուղացուն միշտ տեղյակ պահի` ագրոտնտեսական կանոնները պահպանելու համար: Չի կարելի կարտոֆիլի տեղը հաջորդ տարի նորից կարտոֆիլ ցանել: Սա էդ նույն լոլիկի պատմությունն է, թե`Հայաստանի լոլիկը ձկան գեներով են աճացրած եւ այլն: Այդ պատմություններն անցել ենք` դա թուրքն արած է, միայն թուրքը կարող է նման բան անել, որ մեր հայ գյուղացու արտադրանքը չվաճառվի: Հիմա ի՞նչ, Վրաստանը փակի, որ մենք լոլիկ ու կարտոֆիլ չարտահանե՞նք, է՞դ են ուզում, չկա տենց բան: Մի քանի ֆերմեր փորձում են հարվածել մեր տնտեսությանը: Տարել են լաբորատորիայում ստուգել են` ոչ մի լուրջ վտանգ չկա: Դա չի կարելի հանրապետական երեւույթի հետ կապել, ցեցը չի տարածվի` կարանտինն աշխատում է արդեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































