
Պարոն Ամարյանը խոսեց նաև ցանցային մարքեթինգի մասին՝ ներկայացնելով մի սկավառակ, որտեղ ներկայացված են բոլոր այն մեթոդները, որոնք ուղղված են մարդկանց համոզելու, հեռախոսով իրենց կազմակերպություն ներքաշելու մասին: Պարոն Ամարյանն այդպիսի ցանցային մարքեթինգի օրինակ է համարում «Մերիքեյը» և մանրամասնում. «Մերիքեյը կոսմետիկայով զբաղվող ցանցային մաքեթինգ է, այն մինչև 2010-ը ՀՀ-ում գործել է ապօրինի: 2004-ին եղավ մի դեպք, երբ օդանավակայանում բռնեցրին մաքսանենգության միջոցով կոսմետիկայի խմբաքանակի հետ տեղափոխվող Կյանքի խոսքի գրականությունը: Մերիքեյի լիդերը խարիզմատիկ եկեղեցու առաջնորդի զոքանչն է, ուստի ՀՀ-ում էլ Մերիքեյի հետևում կանգնած է խարիզմատիկ եկեղեցին: Մերիքեյի շարքում են նաև Ֆաբերլիքը, Օրիֆլեյմը: Երբ Մերիքեյի դեմ ժամանակին ջարդ տեղի ունեցավ, նրանց մեծ մասը տեղափոխվեցին Ֆաբերլիք և Օրիֆլեյմ»:
Պարոն Ամարյանը նշում է, որ խնդիր է դրված աղանդների միջոցով ստեղծել կառավարելի զանգված, քանի որ աղանդների հիմքում ընկած է ոչ թե հավատը, այլ իշխանությունը: Արտասահմանից էլ աղանդավորական «դեսանտներ» են իջեցվում Հայաստան՝ կամավորների մուտքի և ելքի միջոցով:
Պարոն Ամարյանը նաև փաստեց, որ խարիզմատիկ և ավետարանչական եկեղեցին լուրջ աշխատանքներ է իրականացնում կալանավայրերում: Նա մանրամասնեց. «Աղանդավորական կառույցների ներկայացուցիչներն ունեն պաշտոնական փաստաթուղթ, որով կարող են կալանավայրեր մտնել: Նրանք կալանավորների ընտանիքի անդամներին հետ են աշխատանք տանում, երեխաներին տանում ամառային դպրոցների, այդպիսով կալանավորները հետագայում ներքաշվում են կրոնական կառույցի մեջ՝ իրենց ընտանիքներով հանդերձ: Արդյունքում՝ կառույցներն ունենում են մի մեծ բանակ»: Ա. Ամարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում տարեկան մեկ միլիոն դոլարի շրջանառություն է տեղի ունենում աղանդավորական կազմակերպությունների շրջանում: Պարոն Ամարյանը նշեց, որ մի շարք դպրոցներ կան, որոնք պատկանում են խարիզմատիկ և ավետարանչական եկեղեցուն:
Կարդացեք նաև
Պարոն Ամարյանը նշեց, որ հայաստանյան կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից և Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, մասնակցել են աղանդավորական կրոնական կազմակերպությունների հետ բանակցություններին: Նա նկատեց, որ պաշտոնյաները երբեմն ուզած-չուզած ներքաշվում են աղանդների մեջ: Ամարյանը տեղեկացրեց. « Ունենք քննիչ աղանդավորներ, պաշտոնյաներ,որոնց ընտանիքի անդամներն աղանդավորներ են»: Ա. Ամարյանը նշեց, որ «Սիվիլիթասը» հսկայական նվիրատվություններ է ստացել մորմոնների կողմից և կասկած հայտնեց.«Պիտի պարզվի, թե ինչու է այն ֆինանսական աջակցություն ցուցաբերում «Սիվիլիթասին»:
Aravot.am-ի հարցին, շոու -բիզնեսի ներկայացուցիչների՝ աղանդավորական կազմակերպությունների հետ կապերի մասին ինչ կասի, պարոն Ամարյանը պատասխանեց. «Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ինչ,Մհերի խոսքից էլ պարզ է, որտեղից փող տան, կգնան: Նրանց համար ազգայինը դրված է մի կողմ»: Կառավարման օղակներում աղանդավորության ծավալների մասին էլ հետաքրքրվեցին: Պարոն Ամարյանը նշեց. «Որտեղ ուզում ես մատդ դիր, աղանդավորությունը տարածված է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































