
Ըստ նրա, Սիրիան ու Իրանը, լինելով չընդունված երկրներ ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների կողմից, այդուհանդերձ հզոր են, ունեն հզոր բանակ և միջազգային ասպարեզում համագործակցում են Ռուսաստանի հետ: Սրանով պայմանավորված էլ Ռուսաստանը շահագրգռված է պահպանել իր ռազմական ներկայությունը Մեծ Մերձավոր Արևելքում: «Սիրիան միակ երկիրն է միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանն ունի ռազմածովային բազա, այն գտնվում է Տարտուս նավահանգստում: Բացի դրանից Սիրիայում Ռուսաստանն ունի և տնտեսական, և ռազմական իր շահերը, որովհետև Ռուսաստանը ամենամեծ զենքի մատարակարարն է սիրիական բանակին, Բաշար ալ Ասադին իշխանությունից հեռացնելուց հետո երբևիցե Սիրիան Ռուսաստանի հետ այդպիսի սերտ կապեր չի ունենա, և բացի դրանից Սիրիան մարսելուց հետո ԱՄՆ-ն և արևմտաեվրոպական պետությունները կանցնեն Իրանում իշխանափոխության ծրագիրը իրագործելուն: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ն կամաց-կամաց հզորացրեց իր դիրքերը տարածաշրջանում` 90-ականների թվականների վերջում հաստատվեց Իրաքում, Քուվեյթում, Բահրեյնում, Քաթարում, Աֆղանստանում, կամաց-կամաց Իրանը վերցվում է շրջանակի մեջ, այսինքն շրջապատված է «թշնամական երկրներով», ասում է քաղաքագետը:
Նրա մեկնաբանմամբ, թշնամական երկրների շարքին դասվում է նաև Ադրբեջանը, որը թեև չի կարող բացեիբաց հակաիրանական քաղաքականություն վարել , քանի որ երկուսն էլ շիա-մահմեդական երկրներ են, բայց միևնույն ժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ` դուրս գալով Իրանի դեմ: Բացի այդ, ըստ քաղաքագետի, ադրբեջական իշխանությունները շատ սերտ կապեր են հաստատել Իսրայելի հետ, որը ևս այս տարծաշրջանում ամենակատաղի հակաիրանական արտաքին քաղաքանություն վարող երկրներից մեկն է: «Ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելը 1,6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի պայամանագիր է կնքել Բաքվի հետ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, Թել- Ավիվը խորհրդային ժամանակաշրջանից լքված մի քանի օդանավակայաններ է գնել Ադրբեջանի տարածքում, որը շատ մոտ է ադրբեջանա-իրանական սահմանին, և արագացված կերպով վերազինում ու թարմացնում է, որպեսզի Իրանի դեմ պատերազմ սկսելու դեպքում օգտագործեն », -ասում է Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետի խոսքերով` եթե Ռուսաստանը վտարվի Մեծ Մերձավոր Արևելքից, Հարավային Կովկասում կմնա միայն Հայաստանը որպես դաշնակից, այդ դեպքում Ռուսաստանը անգամ օդային ճանապարհով չի կարողանա զորք, պարեն ու զենք մատակարարել Գյումրիում տեղակայված իր 102-րդ ռազմաբազային: «Ռուսաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքականությունը Կովկասյան տարածաշրջանում: Ինքն ուզում է այսպես ասած կոմպլիմենտար քաղաքականություն վարել. ունենալով ռազմաբազա Հայաստանում, կարող է մեծ քանակությամբ զենք վաճառել Ադրբեջանին, որը անտրամաբանական է: Եթե ինքը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանը պաշտպանում է Աբրբեջանից և Թուրքիայից, ո ՞ նց կարող է Ադրբեջանին նույն տիպի զենք մատակարարել, այն դեպքում, երբ ադրբեջանական իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանին վերջնականապես վտարել Ադրբեջանից: Օրինակ Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ռադոլոկացիոն կայանը արդեն իսկ չի վերահսկվում ՌԴ-ի կողմից: Ռուսաստանը դեռ չի դրսևորել արտաքին քաղաքական դոկտրինան, թե ինքը ում հետ ինչ հարաբերություններ ու շահեր պետք է ունենա և ինչպես պետք է էդ շահերը պաշտպանի: Նրա քաղաքականությունը մեր տարածաշրջանում կարելի է բնորոշել մեկ արտահայտությամբ ` պահի արտաքին քաղաքականություն », -ասում է քաղաքագետը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

















































