Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրջ ու պարկեշտ մարդը Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար չի առաջադրվի»

Հուլիս 16,2012 19:52

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը, որից մենք  հետաքրքրվեցինք, թե իր պատկերացմամբ ինչպիսի՞ քաղաքապետ է  անհրաժեշտ հանրապետության երկրորդ քաղաքին, որ կարողանա  այն փոքր-ինչ վերակենդանացնել ու փրկել կործանումից: «Ես կարծում եմ, որ Գյումրու խնդիրները  Գյումրու քաղաքապետի մակարդակով լուծվելիք խնդիրներ չեն: Այսինքն քաղաքը էնքան թաղված է ճահիճի մեջ, որ լուրջ ուշադրություն է անհրաժեշտ կառավարական ու նախագահական մակարդակով: Այլ  հարց  է, որ Գյումրու քաղաքապետը մինչև հիմա այնքան ուժ ու կարողություն չի ունեցել , որ  քաղաքի խնդիրները  լրջորեն  ներկայացնի կառավարությանը և ուշադրության կենտրոնում պահի:  Գյումրի քաղաքին պետք է այնպիսի քաղաքապետ, որը կկարողանա լրջագույն հարցերը լրջագույն ձևով դնել կառավարության առաջ և պահանջել այդ հարցերի լուծումը: Մյուս կողմից իշխանությունները իրենք պետք է հասկանան, որ Հայաստանի հանրապետության երկրորդ քաղաքը պետք է զարգանա շատ ավելի լուրջ տեմպերով, քան թե  հիմա զարգանում է, եթե համարենք, որ զարգանում է»,- ասում է մեր զրուցակիցը:

Ըստ Վահան Խաչատրյանի, ի տարբերություն Հայաստանի, հարևան բոլոր երկրներում երկրորդ քաղաքին մեծ ուշադրություն են դարձնում,  հատկապես այնտեղ, որտեղ ներուժը կենտրոնացված է մայրաքաղաքում, մայրաքաղաքը բեռնաթափում են` երկրորդ քաղաքը զարգացնելու հաշվին: «Այդպես է, օրինակ, Վրաստանում, վերջերս մեր հեռուստաընկերությունը նկարահանումներ կատարեց այնտեղ, ցույց էինք տալիս այս ամենը, որպեսզի մեր իշխանությունները, մեր այսպես ասած կառավարիչները  հասկանան  ինչ է կատարվում` դրական երանգով: Ես հիմա ուսումնասիրում եմ  մի քանի երկրների պատմությունն ու տեսնում եմ, որ սկսած  60-75-ական թվականներից երկրորդ, երրորդ քաղաքի զարգացման տենդենցիան  գնում է: Մեր իշխանությունները, ցավոք, սա չեն կիրառում, չեն հասկանում, կամ հասկանում են, չեն անում,  դեկլարատիվ հայտարարություններ են անում, բայց գործնականում ոչ մի քայլ: Գյումրու  քաղաքապետը սեփական բյուջե ու սեփական ռեսուրս  չի կարող ունենալ Գյումրու հարցերը լուծելու համար, բայց ինքը կարող է լինել էնպիսի մի համարձակ մարդ, որը կարողանա գյումրեցիների խնդիրները բարձրացնել և լուծումներ պահանջել կառավարությունից: Ցավոք, մենք էդպիսի քաղաքապետ մին օրս չենք ունեցել», -կարծում է Վահան Խաչատրյանը:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե կա՞ այդպիսի համարձակ թեկնածու, ԳԱԼԱ-ի սեփականատերն ասաց. «Հայաստանի պետական կառավարման ներկայիս համակարգի խնդիրն այն է, որ այս համակարգը չի թողել , որ առաջ գան այդպիսի մարդիկ: Ազնիվ, պարկեշտ մարդիկ պահանջված չեն այս համակարգի համար: Ես կարող եմ թվարկել շատ ու շատ մարդկանց, ովքեր որ շատ լավ քաղաքապետ կլինեին Գյումրու համար, կցավեին այս քաղաքի համար, բայց ցավոք այդ անունները ձեզ ոչինչ չեն ասի, որովհետև այդ մարդիկ ստիպված են կամ փչանալ` մտնելով այս համակարգի մեջ, կամ ընդհանրապես չմտնեն, մնան գործընթացներից դուրս և ապրեն իրենց կյանքով, ստեղծեն բարիք, ինչքան որ  դա հնարավոր է  անել, բայց նորից եմ կրկնում , մնալով համակարգից դուրս: Այն մարդիկ, ովքեր աշխատում են այս  համակարգի մեջ, կլինեն իշխանությունից, թե ընդդիմությունից, ես Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար որևէ մեկին չեմ տեսնում: Որևիցե լուրջ, ներուժ ունեցող, խելացի ու պարկեշտ   մարդը չի կարող այս համակարգի մեջ աշխատել, ուստի առաջիկայում Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունը չի առաջադրի, քանի որ անիմաստ է պարզապես, քանի որ պետք է լինես  համակարգի մեջ ու ունենաս համակարգի  դաբրոն, որպեսզի  ընտրվես»:

Այդուհանդերձ  համակարգում գտնվող թեկնածուներից ո՞վ  է ավելի հարմար  Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, մի քանի  անուններ արդեն իսկ շրջանառվում են: «Ես, ճիշտն ասած, էդքան հետաքրքրված չեմ Գյումրի քաղաքի քաղաքապետի ընտրություններով, գլոբալ առումով ոչ մի բան գյումրեցիների կյանքում չի փոխվի, այսինքն եթե մնում է այս համակարգը , ինձ համար միևնույն է` քաղաքապետը կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինչ-որ մեկը, թե Հանրապետականից, կլինի չեզոք, թե՞ կուսակցական մարդ: Եթե կառավարությունն ու իշխանությունը  Հայաստանում նույնն  է մնում,  Գյումրու քաղաքապետի պաշտոնը տասներորդական հարց է դառնում, ոչ մի բան հնարավոր չէ փոխել: Գյումրեցին չի էլ նկատի, թե ո՞վ է քաղաքապետը` Ղուկասյան Վարդա՞նն է, թե՞ մեկ ուրիշը: Այս պարագայում Ղուկասյան Վարդանի կլանն է գործի գլուխ, մեկ այլ պարագայում մեկ ուրիշի կլանը կլինի գործի գլուխ, և սովորական գյումրեցու կյանքը կփոխվի այնքանով,  ինչքանով ինքը ավելի մոտ  է գտնվում  այս կամ այն կլանի մարդկանց հետ, ինչ հարաբերություններ ունի: Իսկ  սովորական  այն գյումրեցին, որը չի ուզում ոչ մի կլանի հետ գործ ունենալ, էդ գյումրեցու կյանքը բացարձակապես չի փոխվի», -կարծում է ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031