
Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ պարոն Ղազարյանից. «Սկզբունքորեն անձնական վիրավորանքներին չեմ պատասխանում, բայց տվյալ դեպքում Մազմանյանը կրթական հիմնարկի ղեկավար է: Ի՞նչ են սովորելու իմ երեխաները նրանից՝ անձնական վիրավորա՞նք: Մտահոգիչ է այն, որ բուհի ղեկավարն է այդպիսին: Պետք չէ ցրել եւ ասել, թե ինքը զբաղված է եղել»:
Մեկնաբանելով Մազմանյանի այն կարծիքը, թե Հայրապետյանը վատ վիճակում է, պարոն Ղազարյանն ասաց. «Ինչու՞չի խոսում այն մասին, թե ինչ վիճակում է մահացածի ընտանիքը, հետեւաբար՝ դա նրան չի հետաքրքրում: Երբ մարդն ասում է, թե քննություններով զբաղված լինելու պատճառով դեպքին գնահատական չի տվել, ստացվում է այնպես, որ դեպքին գնահատական տվածները պարա՞պ են եղել: Երբ կուրծք է ծեծում բազմազանության ցույցի մասնակիցների դեմ եւ ասում, որ մտահոգ է հայ ազգի բարոյական նկարագրի համար, «Հարսնաքարի» պարագայում նա այն մարդկանցից է, որ առաջինը պետք է կուրծք ծեծեր: Բայց պարզվում է, որ նա զբաղված էր»:
Պետրոս Ղարազարյանի խոսքով՝ տեղի ունեցածն իշխանական ու կուսակցական խնդիր է, քանի որ տվյալ երեւույթները պետք է վերանայվեն իշխանության կամքով. «Բացի այդ, ոչ մի ընդդիմադիր 5 հատ «Համեռով» ման չի գալիս: Իսկ ինչ վերաբերում է ինձ քառադեմ անվանելուն, դա պարզապես չիմացության խնդիր է: Երբ հյուրս ընդդիմադիր է, բնականաբար, տալիս եմ իշխանական կողմի հարցեր եւ հակառակը»:
Կարդացեք նաև
Պետրոս Ղազարյանը գնդիկ-բոքոնիկը չընդունեց որպես վիրավորանք. «Մասնագիտական գործունեությանս մեջ ոչ մեկից չեմ վիրավորվել եւ չեմ էլ պատրաստվում: Գնդիկ-բոքոնիկը փոքր հասակում իմ սիրելի հեքիաթն է եղել՝ ի տարբերություն քաջ Նազարի»:
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ իր համար ընդունելի է այն մարդու տեսակետը, ով բացահայտ կերպով է սատարում իշխանությանը. «Տվյալ պարագայում կարող եմ բանավիճել՝ պարտավորվելով հարգել նրա տեսակետը: Բայց ինձ համար զարմանալի եւ անհասկանալի է այն, երբ մարդիկ թաքնված կերպով եւ քծնանքով են սատարում իշխանությանը: Հանրային գործչի պարագայում դա վարկաբեկում եւ բարոյազրկում է իշխանությունն ու հանրային կյանքը»,-եզրափակեց պարոն Ղազարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































