
Նրա խոսքերով` նախ անհրաժեշտ է, որ Ր.Հովհաննիսյանը կայացնի առաջադրվել-չառաջադրվելու մասին որոշումը, ինչով էլ պայմանավորված կլինի կուսակցության որոշումը: Սակայն կուսակցությունում շատերն են ցանկանում, որ այս անգամ «Ժառանգությունը» մասնակցի իր թեկնածուով, որը Ր.Հովհաննիսյանն է: «Մենք ունենք մեր տեսակետը եւ բոլոր մեր գործընկերներին փորձելու ենք ապացուցել մեր թեկնածուի հաջողությունների առումով»,- եզրափակեց Ս.Սաֆարյանը: Հիշեցնենք, որ 2007թ. ԱԺ ընտրություններում Ր.Հովհաննիսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց թիվ 15 ընտրատարածքում եւ ստացավ ընդամենը 1220` ձայն այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցել էր մոտ 35 հազար ընտրող:
Դեռ հայտնի չէ, թե նախագահական ընտրություններում ում է պաշտպանելու ՀԱԿ-ը` նորից կառաջադրվի՞ Լ.Տեր-Պետրոսյանը, թե՞ Կոնգրեսն իր կազմից մեկ ուրիշի կառաջադրի կամ կպաշտպանի այլ ուժի թեկնածուին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ունեցած Կոնգրեսի համագործակցությունից կարելի է չբացառել, որ նրանք կարող են ունենալ մեկ ընդհանուր թեկնածու, ով կարող է լինել այդ երկու ուժերից մեկի ներկայացուցիչը: Ամեն դեպքում եւ՛ ՀԱԿ-ից, եւ՛ ԲՀԿ-ից առայժմ հայտարարում են, որ նման քննարկումներ չեն ունեցել: Օրինակ, դեռ պարզ չէ, անգամ բավականին ինտրիգային է հարցը, թե դեպի որ կողմն է գնալու առայժմ այլընտրանքային ԲՀԿ-ն: Ավելի մեծ է հավանականությունը, որ նա կպաշտպանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին, հատկապես որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն` արդեն նման բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս դեպքում արժե հիշել քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն 3 նախագահներից երկուսին «քցելու է»: Եվ այդ «քցվողներից» մեկը լինելու է Լ.Տեր-Պետրոսյանը»: Եվ այս երեք ուժերի` «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առկա դիրքորոշումներից արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ առաջիկա նախագահական ընտրություններին նույնպես ընդդիմությունը չի ունենա միասնական թեկնածու: Եթե անգամ փորձ անի, իշխանությունները չեն թողնի` կհրահանգեն այդ ուժերից մեկին ներկայացնել մեկ այլ թեկնածու եւ այդպիսով կկիսեն ընդդիմադիր ընտրազանգվածը:
Մի փոքր ավելի համեստ դիրքերից է հանդես գալիս «Դաշնակցություն» կուսակցությունը: ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե թեեւ ՀՅԴ-ն սեփական թեկնածուով հանդես գալու խնդիր չունի, իրենք թեկնածուների պակաս չունեն, եւ ՀՅԴ ԳՄ տրամադրվածությունն էլ եղել է այն, որ մասնակցեն սեփական թեկնածուով, «պարզապես վերջնական վճռահատում չի եղել այն նկատառումով, որ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի հետ համաձայնության դեպքում հնարավոր է ունենալ մեկ միասնական թեկնածու»:
Կարդացեք նաև
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«168 ժամ»


















































