
Արցախում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների առնչությամբ էլ դրանք «չճանաչողների» հայտարարությունները ոչ մի բան չեն փոխում այն բոլոր գործընթացներում, որ ընթանում են հենց Արցախում կամ հակամարտություն ասվածի շուրջը: Ի վերջո, ով է ընդունում կամ ով չի ընդունում անցկացված ընտրությունները` այնքան էլ կարեւոր չէ, եթե այդ ընտրությունները ընդունելի ու գործառնական են հենց արցախցիների համար:
Սակայն չճանաչողների շարքում Ադրբեջանի արդեն դասական դարձող կեղծարար մոտեցմամբ երբեմն հայտնվում են նաեւ կառույցներ ու երկրներ, որոնք որեւէ կերպ ու ոչ այս ընտրությունների առնչությամբ նման կարծիք չեն հայտնել: Ստացվում է, որ Ադրբեջանն օգտվում է ստեղծված վիճակից, ու ադրբեջանական իշխանությունների հետ հարաբերությունների «նավթացման» համատեքստում ԼՂՀ նախագահի ընտրությունները չճանաչողներին «միանում են» անգամ չեզոքները:
Ադրբեջանական մամուլը ԼՂՀ նախագահական ընտրությունների քվեարկությանը հաջորդած օրերին ամենայն ջանասիրությամբ «տեղեկացնում է», թե ինչպես տարբեր երկրների ու կառույցների մեծ ու փոքր չինովնիկներ հաճոյանում են Կասպյան ավազանի նավթատիրոջը:
Կարդացեք նաև
Այդ շարքում հուլիսի 20-ին հայտնվել էր նաեւ Շվեյցարիան, ընդ որում, այդ մասին տեղեկացնող «Թրենդ» գործակալությունը հղում էր արել ոչ թե հենց այդ երկրի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտին, այլ Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանությանը: Ըստ այդմ, իբր նշված դեպարտամենտը «վերաբերմունք էր հայտնել» Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ, նշելով, թե «Շվեյցարիան Լեռնային Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս եւ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:
Սակայն իրականում Շվեյցարիայի համապատասխան գերատեսչությունը հուլիսի 19-ի ընտրությունների առնչությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Ավելին, ըստ մեր տեղեկությունների, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարություն պաշտոնական նոտա է հղել հենց այդ երկրում Ադրբեջանի դեսպանությունը` Արցախում նախագահական ընտրությունների առնչությամբ վերաբերմունք արտահայտելու խնդրանքով: Շվեյցարական արտաքին գերատեսչությունից արձագանքել են, որ մինչ այդ եւ այս ընտրությունների դեպքում էլ Շվեյցարիան պաշտոնական հայտարարություններ չի արել ու չի անում:
Հասկանալի է, որ թերեւս ոչ սեփական նախաձեռնությամբ, բայց «չճանաչելու» մասին հայտարարություններ տարածվել են նաեւ այլ երկրների պարագայում, սակայն հետաքրքրական է, որ ընտրությունների հարցին, ըստ ադրբեջանական մամուլի, անդրադարձել է նաեւ Իրանի արտաքին հարցերով զբաղվող գերատեսչությունը, ընդ որում, ադրբեջանական մամուլը հղում է անում իրանական IRINN հեռուստաալիքին: Այդ տեղեկության համաձայն, երեկ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, թե հուլիսի 19-ի ընտրությունները «բացասաբար են անդրադառնում հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա»:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը իբր նաեւ հայտարարել է, թե «քանի դեռ հակամարտության կողմերը համաձայնության չեն եկել կարգավորման շուրջը, նման գործողությունները բացասաբար են ազդում բանակցային գործընթացի վրա»:
Իրանի պարագայում այսօրինակ հայտարարությունը որքան անհասկանալի, նույնքան էլ ոչ վստահելի է թվում: Իրականում «Մեհր» իրանական գործակալության փոխանցմամբ Ռամին Մեհմանփարաստը ասել է, որ «քանի դեռ Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցությունները արդյունքի չեն հասել, չեմ կարծում այս քայլերը ընդունելի արդյունք ունենան»: Փաստացի Իրանի ագն ներկայացուցիչը չեզոք դիրքորոշումը պահպանել էՙ շեշետելով, որ պետք է աշխատել բանակցություններում արդյունքի հասնելու համար:
«Ազգ»


















































