
Ծաղկաձորի քաղաքապետարանը կարծես թե ամեն ինչ անում է քաղաքը մաքուր ու գեղեցիկ պահելու համար, սակայն ջրավազանով ու շատրվաններով ձեւավորված, ծաղկազարդ քաղաքային զբոսայգում երեկոյան քչերին կարելի է հանդիպել, փողոցներում էլ քչերին կհանդիպես։ Ծաղկաձորցին դա բացատրում է աշխատատեղերի բացակայությամբ: «Տուրիստն իրա տեղն ունի, համա քաղաքին շունչ տվողն իրա բնակիչն ա: Քաղաքում աշխատատեղ չկա, առաջ ամեն տեղ շինարարություն էր, կողքի գյուղերից, անգամ Երեւանից էին գալիս աշխատելու, իսկ էս երկու տարի կլինի, որ շինարարությունը դադարել ա, մնում ա օբյեկտներում պահակություն անել, բայց, դե, 40-50 հազար դրամ աշխատավարձով աշխատե՞լ կլինի։ Սեզոնին հյուրանոցներում ու ճամբարներում պահակություն անելով՝ հազիվ 60 հազար ստանաս, բա մյուս ամիսների՞ն»,-դժգոհում է Ռաֆիկ Սարգսյանը։
Կյանքից ու ապրուստից դժգոհում է նաեւ 1947 թվականից Ծաղկաձոր հարս եկած Կիմա մայրիկը։ «Մարդկությունը վերացել ա, ամեն մարդ իրա համար ա ապրում, կողքինի մասին չի մտածում։ Բա առաջ էդպես է՞ր։ Չես իմանում՝ ով ա մեղավոր: Ապրուստը թանկացել ա, էսօր շատ քչերն են տունը վարձով տալիս, ուզող չկա, Հայաստանից դուրս են հանգստանում։ Ինչի՞, մեր Ծաղկաձորը չեղավ-չեղավ, էդ Քոբուլեթիի չափ չեղա՞վ»:
Բնակչության «քչությունից» դժգոհ են նաեւ տաքսու վարորդները, որոնք հանգստյան տների մոտ շարված տաքսիների մեջ օրվա մեծ մասն անցկացնում են «ճանճ քշելով»: Կեչառիս վանական համալիրից աջ՝ ձորի հակառակ ափին, «Հայռուսզազարդ» ՓԲԸ-ի հանգստյան ավանի շենքերի ու մի քանի խոշոր կառույցների դադարեցված շինարարությունը գեղատեսիլ բնությամբ քաղաքի ֆոնի վրա «բիբը կորցրած աչքի է նման»: Բայց, դե, ծաղկաձորցին սիրում է իր քաղաքը. «Լավ օրեր տեսել ենք, էսպես հո չի՞ մնա, էլի կգան լավ օրեր, որ տուրիստների դարդից ասեղ քցելու տեղ չի լինի։ Ամա, թող մեր դարդը էդ լինի»:
Կարդացեք նաև
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հայացք»


















































