Երբ «Ազատ դեմոկրատներն» անջատվեցին Կոնգրեսից, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում պարզաբանեց, որ հոգնածները, հիասթափվածներն են գնացել: Դավիթ Շահնազարյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեռանալու դեպքում ասացին, որ Կոնգրեսը մաքրվում է: Այս առնչությամբ Aravot.am-ը «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց՝ Ձեր կարծիքով հիմա Կոնգրեսը մաքրության, զուլալության ինչ աստիճան ունի եւ Դո՞ւք էլ Դավիթ Շահնազարյանի պես վիրավորվեցիք, երբ Ձեր հեռանալուց հետո նման գնահատականներ լսեցիք, Դավիթ Շահնազարյանը վիրավորվել էր հատկապես Հրանտ Բագրատյանից, կա՞ մեկը Կոնգրեսում, որից Դուք եք վիրավորվել: Ալ. Արզումանյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է վիրավորանքներին, ընդհանրապես կյանք է, քաղաքականություն է, վիրավորվելը քաղաքական կատեգորիա չէ: Ես որեւէ մեկից չեմ նեղանում կամ վիրավորվում: Ամեն ինչ պատմությունը տեղն է դնում: Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին՝ հոգնածներ..բան՝ գիտեք, կառավարությունը վերջերս որ ծրագիրը ներկայացրեց, մի նախադասություն կար, որը հետո հանեցին, խոհեմություն ունեցան: Գրված էր, որ Հայաստանը է՛լ ավելի ուժեղացած դուրս եկավ միջազգային ճգնաժամից: Հիմա սա է: Ամեն մի կուսակցության հերթական դուրս գալուց հետո ՀԱԿ-ը է՛լ ավելի ուժեղ է դուրս գալիս, զտվում է, մաքրվում է, գուցեեւ մաքրման պրոցես է: Զուլալության աստիճանը՝ գիտեք, լաթը, որ շատ լվանում ես, սկսվում է ծակծկվել, չէ՞, ծակոտվել, գուցե այնքան զուլալանա, որ մեջը բան չմնա»:
Մենք խնդրեցինք մեկնաբանել նաեւ Դավիթ Շահնազարյանի մեղադրանքները՝ Կոնգրեսի հասցեին: Մասնավորապես, որ Կոնգրեսը կանաչ լույս է վառում քոչարյանիզմի համար, քոչարյանիզմը վերակենդանանում է՝ ՀԱԿ-ի ջանքերի շնորհիվ…եւ այլն: Պարոն Արզումանյանի խոսքերով՝ «Դավիթ Շահնազարյանը հմուտ քաղաքական գործիչ է, որը կարողանում է մշտապես հստակ ձեւակերպել իր տեսակետները, իր կարծիքները հայտնել: Ինքը հստակ իր մոտեցումները հայտնել է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: