
Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շուրջ 80 շրջանավարտների օրենսդրությամբ նախատեսված բնակելի մակերեսով ապահովման հարցերը լուծելու նպատակով կառավարությունը մեկ այլ որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինությանն է հանձնել համապատասխան գույք, շինություններ և հատկացրել ֆինանսական անհրաժեշտ միջոցներ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության Ռազմավարությանը և Ռազմավարության իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարելավել տարեցների կյանքի որակը, ՀՀ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերին, մասնավորապես` Ծերացման Մադրիդյան ռազմավարության տարածաշրջանային հանձնառությունների պահանջներին, իսկ գործողությունների ծրագրում ընդգրկված միջոցառումները հիմք կհանդիսանան տարեցների սոցիալական պաշտպանության ամենամյա ծրագրերի մշակման և իրականացման համար։
Ընթացիկ տարվա բնակլիմայական պայմաններից ելնելով անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել ջրային համակարգերի կապիտալ վերանորոգումների ծրագրում, հրատապ լուծում պահանջող աշխատանքների ցանկում ընդգրկելով նոր օբյեկտներ, ինչը ոռոգում-ջրառ իրականացնող ընկերություններին հնարավորություն կտա ապահովել արդյունավետ ջրամատակարարում։ Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ջրառի նախատեսված 204.0 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանել է 239.2 մլն խորանարդ մետր։
Կարդացեք նաև
Գործադիրը «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի սահմանազատման 2014-2016 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման հավելվածը շարադրել է նոր խմբագրությամբ, նպատակ ունենալով բարելավել բնության կենդանի և անկենդան հուշարձանների հարուստ բազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































