
Խումբը հայտարարություն է տարածել, որ «արդար քննության դեպքում արդեն «Հարսնաքարի» գործով պետք է տրված լինեին հիմնական հարցերին պատասխանները, մինչդեռ դեպքից անցել է շուրջ մեկուկես ամիս, սակայն հանրությունը չունի քննությամբ պարզված որեւէ համոզիչ պատկեր, թե ինչ է կատարվել եւ ովքեր են մեղավոր»:
Խմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանին զայրացրել էր այն, որ նախաքննական մարմինը հրավիրել էր Վահե Ավետյանի հորը՝ հարցաքննության. «Այդքան դաժանությունից հետո, երբ մեկ ամիս այդ մարդիկ ուղղակի աղաչում էին Աստծուն՝ իրենց տղայի կյանքի համար, հրավիրել են, կանգնեցրել են դրսում, հրավիրողն էլ տեղում չի: Նվաստացնելով՝ փորձել են վախեցնել, նվաստացնելով խեղճացնել մարդուն: Ես կարծում եմ, որ սա այնքան անարժան, այնքան պարսավելի երեւույթ է: Հարցը կոնկրետ անձի մեջ չէ, երեւույթն է այդպիսին: Մարդուն կանչել են, դրսում սպասեցրել, թող սպասի: Այստեղ ինչի՞ ես կանչել, չի պատասխանում քո զանգերին: Մարդը այդքանից հետո պիտի գա նստի նախաքննական մարմնում, սպասի՞: Ինչո՞ւ ես այդ ժամը նշանակել, եթե դու զբաղված ես: Եթե այդ ժամին ես նշանակել, ինչպե՞ս կարող ես այլ բանով զբաղեցնել քո այդ ժամը: Ես դա գնահատում եմ՝ որպես բացարձակապես քաղաքական վարք՝ ուղղված վախի, տեռորի մթնոլորտն ավելացնելու՝ մարդուն նվստացնելու, արժանապատվությունը նվաստացնելու, ինքնավստահությունից զրկելու: Եվ այդ բոլորը ամեն օր մենք մեր մաշկի վրա ունենում ենք եւ զգում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































