Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններում քաղաքական գործընթացները առաջնային չեն

Օգոստոս 04,2012 13:07

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը սրանով է բացատրում քաղաքական ուժերի պասիվությունը

– Ամսի 5-ից սկսվում են ՏԻՄ ընտրություններում առաջադրումները. ՀՀԿ-ն հստակեցրե՞ց՝ ի՞նչ ծավալով եք մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

– ՏԻՄ ընտրություններին մեր մասնակցությունն ինքնանպատակ չէ, եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ բոլոր այն համայնքներում, որտեղ ընտրություններ են լինելու, ՀՀԿ-ն մասնակցի: Մենք պետք է ելնենք որեւէ համայնքում մեր ունեցած հնարավորություններից, ինչու ոչ՝ նաեւ կատարած աշխատանքներից: Այդ պատճառով էլ մեր մոտեցումը հետեւյալն է՝ այն համայնքներում, որտեղ մենք անելիքներ ունենք, անպայման պետք է մասնակցենք ընտրություններին եւ ունենանք սեփական թեկնածուն: Այդ համայնքները բազմաթիվ են: Հիմա դեռ վերլուծում ենք, թե տվյալ համայնքներում ո՞ր թեկնածուն է, որը ունի հեղինակություն եւ կարող է եւս մեկ անգամ առաջադրվել ու հաղթել: Կոնկրետ թվեր դեռ չկան, բայց այն համայնքներում, որտեղ համայնքապետերը ՀՀԿ-ականներ են, նորից կառաջադրենք: Նաեւ կունենանք որոշակի առաջընթաց: Կլինեն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ն չեն ներկայացնի, բայց կունենան բավարար փորձ եւ հեղինակություն, մենք էլ կսատարենք նրանց:

– Այն համայնքներում, որտեղ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն քիչ ձայներ ստացավ, ՏԻՄ ընտրություններում նորից հավակնություններ կդրսեւորվե՞ն:

– Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն, իհարկե, բավականին մեծ նշանակություն եւ կապ ունեն, բայց դա միակ չափանիշը եւ գործոնը չէ, որը մենք հաշվի ենք առնում ընտրություններում համայնքի ղեկավար առաջադրելու կամ որեւէ թեկնածուին սատարելու առումով: Մենք հաշվի ենք առնում տվյալ համայնքում տվյալ անձի կատարած աշխատանքն ու հեղինակությունը: Նաեւ՝ մի շարք այլ գործոններ:

– Առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների համատեքստում, Ձեր վերլուծությամբ, ՀՀԿ-ն ի՞նչ հեղինակություն է վայելում:

– Իբրեւ ՀՀԿ Սպիտակի շրջանային խորհրդի նախագահ, պետք է ասեմ, որ այս տարածաշրջանում ՀՀԿ-ն մեծ հեղինակություն է վայելում:

Ասեմ նաեւ, որ հենց ՏԻՄ ընտրություններն են ցույց տալիս քաղաքական ուժերի դերն ու կշիռը, որովհետեւ ՏԻՄ ընտրություններն ավելի բարդ ընտրություններ են: Դրանք պահանջում են կոնկրետ գործեր, ծրագրեր, կոնկրետ անձի հետ կապված վստահություն, կոնկրետ եւ ամենօրյա աշխատանք: ՏԻՄ ընտրություններն, ըստ իս, ավելի պատասխանատու եւ կարեւոր ընտրություններ են: Կարծում եմ՝ նաեւ այդ է պատճառը, որ շատ քաղաքական ուժեր չեն համարձակվում ՏԻՄ ընտրությունների ժամանակ մրցակցության մեջ մտնել: Որովհետեւ այստեղ ուժերը պետք է չափել ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այս կամ այն քաղաքական գործընթացները շահարկելով, այլ նաեւ կատարած ու ժողովրդի հետ կատարվող ամենօրյա աշխատանքներով:

– Ո՞ր քաղաքական ուժերին նկատի ունեք:

– ՏԻՄ ընտրությունները «յոթը սարի այն կողմում» չեն: Ընդամենը մեկ ամիս անց կտեսնենք, թե որ քաղաքական ուժը ի՞նչ մասնակցություն ունի եւ, ըստ այդմ էլ, գնահատականներ կտանք: ՏԻՄ ընտրությունները քաղաքական ինչ-ինչ խնդիրների շուրջ աժիոտաժ բարձրացնելու, քաղաքացիական հասարակություն կերտելու կեղծ միտումով որոշակի գործընթացներ կազմակերպելու տրամաբանության մեջ չեն տեղավորվում: ՏԻՄ ընտրությունները կոնկրետ աշխատանք եւ հեղինակություն են պահանջում:

– ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն եկա՞ն համաձայնության. այն համայնքներում, որտեղ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն առավել ձայներ էր հավաքել, դրանք «տրվելո՞ւ» են ԲՀԿ-ին, մանավանդ, որ զարգացումների եւ շրջանառվող խոսակցությունների տենդենցն այդպիսին է:

– Հիշեցնեմ, որ պայմանավորվածությունների մասին խոսակցություն կար նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ: Բայց մեր երկրի նախագահը որդեգրել է ազնիվ պայքարի ուղին: Խորհրդարանական ընտրությունները ապացուցեցին, որ գոնե մեզ համար դա արդարացված է եւ օգտակար: Օգտակար է ոչ թե նրանով, որ ՀՀԿ-ն առավելագույն ձայներ է հավաքել, այլ, որ մեր երկիրը եվրոպական կայացած ժողովրդավարական պետությունների կողմից ճանաչվեց որպես ժողովրդավարական պետություն:

Այս ընտրություններն էլ բացառություն չեն, եւ մենք իրավունք չունենք որոշելու, պայմանավորվելու: Պարզապես, կարող են լինել համայնքներ, որտեղ ՀՀԿ-ն զգալով, որ այդտեղ չունի թեկնածու, որը կարող է հաղթել, թեկնածություն չառաջադրի: Կամ՝ հակառակը: Այստեղ որեւէ խնդիր չպետք է տեսնել: Ընդամենը մարտավարության եւ ռազմավարության հարց է, որոնք ճիշտ իրականացնելու դեպքում կշահի նախեւառաջ ժողովուրդը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031