Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն եւ մրցանակակիր, ըմբիշ Արմեն Նազարյանը, որ բնակվում է Բուլղարիայում, այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման եկել էր հայտարարություն անելու: Անվանի մարզիկը ցանկություն հայտնեց, որ Երեւանում ստեղծվի հայկական սպորտի թանգարան, որտեղ կցուցադրվեն մեր օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների ու մեդալակիրների նվաճած մեդալները, գավաթները, անձնական իրերը, թեկուզ այն մարզահագուստը, որոնցով նրանք նվաճել են իրենց բարձրագույն տիտղոսները: Երբ այդպիսի թանգարան հիմնվի, պատրաստ է տրամադրել 1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերում Անկախ Հայաստանի համար նվաճած իր օլիմպիական ոսկե մեդալը: «Եթե սպորտի թանգարան լինի, մարզասերները, հատկապես, պատանիներն ու երիտասարդները կգան, կնայեն, կծանոթանան, կհիշեն հայկական սպորտի փառավոր էջերը գրած մեր երախտավորներին եւ, ինչու չէ, նաեւ կցանկանան նմանվել նրանց: Իսկ դա կնպաստի Հայաստանում սպորտի հետագա զարգացմանը», – ասաց օլիմպիական կրկնակի չեմպիոնը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: