
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ առողջապահության նախարարի այս հրամանով այժմ մարզերի ծննդատների ծառայություններն էլ, բացառությամբ բարդ դեպքերի, կմատուցվեն այն գներով, ինչը որ եղել է Երեւանում: Սա պարոն Քրմոյանի ներկայացմամբ՝ կկանխի մարզերի ծննդկանների ու նաեւ բժիշկների արտահոսքը մայրաքաղաք, քանի որ կբարելավվի թե ծննդօգնության ծառայությունների մակարդակը, եւ թե բժիշկների աշխատավարձը կբարձրանա: Նախկինում, ըստ պարոն Քրմոյանի, ծննդօգնության գումարները, որը պետության հաշվին է, բաշխվում էր ըստ ծննդատների մակարդակների. «Այժմ բոլոր 3 մակարդակի ծննդատներին սովորական ծնունդների դեպքում կփոխանցվի նույն գումարը, քանի որ բոլորն էլ նույն աշխատանքն են տանում, եւ մարզերի բժիշկներն էլ արդարացի կվարձատրվեն իրենց աշխատանքի դիմաց: Իսկ եթե բարդ ծննդաբերություն լինի, ապա այդ դեպքում, ըստ ծննդատան մակարդակի, գումար կփոխանցվի»:
Պարոն Քրմոյանի հավաստմամբ՝ նախկինում մայրաքաղաքի ծննդատներում սովորական ծննդօգնությունն արժեր մոտ 100 հազար դրամ, մարզերում՝ մոտ 90 հազար, իսկ օգոստոսի 1-ից պետությունը մեկ սովորական ծննդօգնության համար բուժհիմնարկին կփոխանցի մոտ 107 հազար դրամ, բարդ ծննդաբերության թարմացված գինը 160 հազար դրամ է: ԱՆ աշխատակազմի ղեկավարի խոսքերով՝ ծննդօգնության նորացված գները փոխանցել են ֆինանսների նախարարություն, որը դեռ պետք է ուսումնասիրի եւ հաստատի գները:
Ըստ պարոն Քրմոյանի՝ նախկինում 3-րդ մակարդակի ծննդատները, ինչպիսիք են օրինակ՝ Հանրապետական կլինիկայի ծննդատունը, Էրեբունի հիվանդանոցի ծննդատունը, «Գրիգոր Լուսավորիչը» եւ Մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոնը, սովորական ծննդօգնության համար ավելի բարձր գումար էին ստանում պետությունից, քան 1-ին եւ 2-րդ մակարդակի ծննդատները:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































