Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդը կնշեն լեռնային Ծաղկունք գյուղում

Օգոստոս 08,2012 14:19 Share

Հայ գրատպության 500-ամյակին և Նավասարդին նվիրված «Սերունդ» հայապահպան միավորումը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ները նախաձեռնել են «Օգոստոսի 11, Նավասարդ-թոնրատոն» փառատոնը: Այն կանցկացվի Գեղարքունիքի մարզի լեռնային Ծաղկունք գյուղում: Փառատոնը կմեկնարկի օգոստոսի 11-ին՝ Հայկ նահապետի հուշարձանի մոտ պսակադրման արարողությամբ: Կանցկացվեն նաև հայ գրատպության պատմության վերաբերյալ դասախոսություններ, փաստագրական ֆիլմերի ցուցադրություն, տոնական համերգ և Նավասարդյան խաղեր: Կկազմակերպվի նաև տոնավաճառ, որտեղ կարելի է ծանոթանալ Ծաղկունք գյուղի մածունին, մեղրին, ուրցին և այլ բարիքներին: «Սերունդ հայապահպան միավորում» ՀԿ-ի նախագահ Հայկ Չոբանյանը մանրամասնեց. «Միջոցառումները կսկսեն օգոստոսի 10-ին Արագածում, որտեղից կրակը կբերվի Հայկ նահապետի արձանի մոտ: Այստեղ կվառվեն երեք ջահեր, որոնցից մեկը կտարվի Ծաղկունք, երկրորդը՝ Հարթագյուղ, որտեղ հիմնավորվեց տոնը նշելու գաղափարը և  երրորդը՝ Գառնի»: Պարոն Չոբանյանը նաև շարունակեց. «2008-ից սկսած տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում ուղղված հայապահպանությանը: Կարծում ենք, որ Նավասարդը մեր պետական տոնացույցում կարող է իր ուրույն տեղն ունենալ, առավել ևս, որ մեր տոնացույցն այնքան էլ հարուստ չէ: Նավասարդին մարդիկ մեկ շաբաթ, կամ մեկ ամիս առատության օրեր էին հայտարարում և ներկայանում  առատ սեղաններով»:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ ներկայացրեց, թե թոնրի մոտ ինչ միջոցառում է տեղի ունենալու. «Տեղի է ունենալու  թոնրի մեջ պատրաստվող ուտեստների ցուցադրություն ութ թոնիրներում: Սակայն ջահով վառված թոնրում միայն լավաշ է թխվելու: Սա առիթ կլինի և խթան կհանդիսանա մեր ազգային խոհանոցի զարգացմանը: Իսկ ամենակարևոր ուտեստը ծիսական քաշիգա ուտեստն է, այն պատրաստվում է թոնրի մեջ և այդ  ուտեստը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց որպես Թուրքիայի տարածքում պատրաստվող կերակրատեսակ: Այնինչ Նոր Տարուն հայերը պատրաստել են այդ ուտեստը, որը հարիսայից տարբերվում է  նրանով, որ չեն խառնում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031