
Aravot.am-ը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ զրույցում հետաքրքրվեց արդյո՞ք օրենքի այս դրույթի ընդունումը արդարացված է, կամ ի՞նչ կտա դրա կիրառումը Հայաստանին: Պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Մեխանիզմը, որը ներդրվել է Հայաստանից արտագաղթը կանխելու համար, արդարացված չէ: Իսկ ո՞վ է այդ քանակի վարույթ հարուցելու, քանի որ մեխանիկորեն տուգանել հնարավոր չէ, գուցե միայն դատական կարգով կարելի է գանձումն իրականացնել: Գործնականում չեմ պատկերացնում, թե դա ինչպես է հնարավոր իրագործել: Դա մի գործառույթ է, որը պետությունը և′ չի կարող իրականացնել, և′ չի կարող չիրականացնել, քանի որ արդեն իսկ օրենքով պարտավոր է կատարել. ՀՀ-ից բացակայողների թիվն այնքան մեծ է, որ այդ քանակի վարույթ հարուցելու համար մի ամբողջ ապարատ է հարկավոր: Քաղաքացիների կապը հայրենիքի հետ պահելու համար այլ մեխանիզմներ են հարկավոր: Գուցե ընթացակարգ մտցվի, որ եթե անձը վեց ամիս բացակայում է Հայաստանից և իր կապը Հայաստանի հետ չի արձանագրում, ավտոմատ սառեցվի նրա քաղաքացիությունը, թերևս դա ևս մեխանիկորեն իրականացնել հնարավոր չէ»: Անդրադառնալով այն պատճառաբանությանը, թե՝ նման մեխանիզմ է ներդրվել ՀՀ-ից արտագաղթը կանխելու համար, պարոն Զեյնալյանը նկատեց. «Մարդիկ, ովքեր գնում են Հայաստանից և մտադիր են վեց ամսից ավելի չվերադառնալ Հայաստան, նրանց համար տուգանքը՝ հնարավոր վերադարձի դեպքում, ոչինչ չի նշանակում: Տուգանքի չափերն էլ այդ մարդկանց համար նյութական առումով ոչինչ չի նշանակում: Պարզապես, սրա մասին իմանալով, մարդիկ մի փոքր ավելի շատ կխռովեն Հայաստանից»: Ա. Զեյնալյանը նաև հավելեց. «Այդ դրույթը կառավարչական առումով անիրագործելի է, արդարության իմաստով արդար չէ: Այդ դեպքում ինչո՞ւ վերադառնալու դեպքում տուգանել՝ «ուժներս միայն վերադարձողնե՞րի վրա է պատում»…եթե կարող են, թող մեկնելիս տուգանեն, կամ տվյալ երկրի հյուպատոսությունում վարույթ հարուցեն: Մտավախություն ունեմ, որ իշխանավորների «հնարամտությունը» լուծումը կգտնի՝ ժամանելիս գանձում իրականացնելու ձևով, այլապես մարդուն թույլ չեն տա հատել սահմանը»:
Դրույթն արդեն հասցրել է մի շարք քննադատությունների արժանանալ, դրանցից որոշների համաձայն՝ այդպիսով ցանկանում են պետբյուջեն լցնել: Այս կարծիքը հարուցեց Ա. Զեյնալյանի ծիծաղը և նա նշեց. «Ստացվում է, որ ինչքան շատ մարդիկ բացակայեն Հայաստանից, այնքան մեծ կլինի պետբյուջե՞ն: Համոզիչ չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































