
1994 թվականից փախստականների բնակարանային խնդրի լուծման նպատակով ՀՀ-ին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը, Գերմանիայի կառավարությունը, փախստականների հարցերով Նորվեգիայի խորհուրդը: Նրանց աջակցությամբ կառուցվեցին առանձնատներ և բնակարաններ, որոնց բնակիչները հնարավորություն ունեցան սեփականաշնորհել այն, սակայն այդ աշխատանքները կատարվեցին մինչև 2008 թվականը, մինչդեռ բնակարանի կարիքավորների թիվը գերակշռող մաս էր կազմում: Այդ առթիվ ՀՀ կառավարությունը որոշեց խնդիրը բաժանել հանրային նշանանակության շենքերում և անհատական հասցեներում վարձով, ազգականների տանը բնակվող ընտանիքների: 2003 թվականին նախկին միգրացիոն գործակալության աշխատակիցների կողմից իրականացվեց հանրային նշանակության շենքերում բնակվող ընտանիքների հաշվառում, որոնց թիվը տվյալ պահին կազմել էր 3 450 ընտանիք: 2004 թվականին ՀՀ կառավարությունը հիմք ընդունելով հաշվառման տվյալները, ընդունեց թիվ 747-Ն որոշումը, որի համաձայն հաշվառված ընտանիքները համարվում էին բնակարանի առաջնահերթ կարիքավոր շահառուներ: Այդ նպատակով պետությունը պարտավորվում էր փախստականներին տրամադրել բնակարանի գնման վկայագրեր, և ըստ դրա փախստականը կարող էր բնակարան գնել:
2005-2009 թվականներին ՀՀ պետբյուջեից գումար տրամադրվեց Հ Հ քաղաքաշինության նախարարությանը՜ բնակարանների վկայագրերի գնման ծրագիրն իրականացնելու համար: Այդ աշխատանքները դադարեցվեցին 2009 թվականին, և այլևս գումար չէր հատկացվում փախստականներին բնակարաններ տրամադրելու համար: Դեռ ավելին, կրճատվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց թիվը, ու դրանով ավելի դաժան է դառնում առանց այդ էլ մի կերպ ապրող, ադրբեջանցու ձեռքից մազապուրծ եղած նրանց վիճակը: Այն ընթացքում, երբ Հայաստանում օրենքի սահմաններից դուրս կրճատվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ընդհանուր թիվը և հղում կատարվում ուժը կորցրած օրենքին, անտեսվում ներկա պահին գործող «Փախստականների ապաստանի մասին» օրենքը, հակառակորդ կողմը` Ադրբեջանը, ավելի է ուռճացնում և արհեստականորեն շատացնում Ադրբեջանում բնակություն հաստատած փախստականների թիվը: Իրականությունն այն է, որ ի ցույց է դրվում, թե ինչքան արագ է Հայաստանում տեղի ունենում ինտեգրման գործընթացը` այն էլ ոչ փաստացի կամ օրենքի ճշգրիտ սահմաններում, և վերաբերմունքի այդ չափանիշով ազատվում փախստականների խնդիրներից ու միևնույն ժամանակ ձեռք բերում նոր Հ Հ քաղաքացիներ: Հարց է առաջանում, թե ո՞ւմ է ձեռնտու այդ քաղաքականությունը` Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին, որովհետև, կրճատելով փախստականների ընդհանուր թիվը Հայաստանում, մենք կորցնում ենք 1988-1992 թվականներին տեղի ունեցած վայրագությունների փաստացի ապացույցը հայ փախստականների նկատմամբ Ադրբեջանի կողմից:
«Ողջամիտ» դրսևորումը միմիայն սրում ու կատաղի է դարձնում փախստականի խնդիրներ և պետություն կապը: Վերջին չորս տարվա ընթացքում ամբողջապես անտեսվել է բնակարանային խնդիրը և այդ առումով իսպառ անուշադրության է մատնվել, իսկ փախստականը դեռ շարունակում է հավատալ, որ կգա և այն օրը, երբ կվերջանան անվերջանալի թվացող հանրակացարաններում բնակվելու, ոռոգման ջրի գլխացավանքները: Ավելին, այսօր այն փախստականները, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել Հ Հ քաղաքացիություն, մտավախություն ունեն, որ այդպես էլ, անգամ ինտեգրվելուց հետո, բնակարանային խնդիրը կմնա անփոփոխ, քանի որ անուշադրության են մատնվել նաև ՄԱԿ-ի կողմից: Խնդրին լուծում չտալով, ստեղծվում է վիճակ, երբ անելանելի կենսակերպն արտագաղթի ճանապարհներ է բացում: Փաստացի, ՀՀ քաղաքականությունը մերժում է փախստականների շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը, պարզապես փախստականների խնդիրների համար «անհանգստանալու հիմքեր» չեն տեսնում:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































