
Այնուհետեւ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, ով միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել եւ նրան կալանքից ազատ արձակել: Պաշտպան Պողոսյանը միջնորդության մեջ նշեց, որ Վահագն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավել են Արտակ Նազարյանի մահվան դեպքից 8 ամիս անց: Վ. Հայրապետյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով հարեւան` «Լույս» հենակետի ավագը, կապիտան Հակոբ Մանուկյանի կանչով 2010թ. հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան եկել է «Ղոզլու-12» հենակետ, Հակոբ Մանուկյանի եւ Արտակ Նազարյանի վեճի եւ կռվի ժամանակ նրանց բաժանելով հանդերձ` այդ ընթացքում հարվածներ է հասցրել Նազարյանին:
Դատաքննության ժամանակ գործով վկա զինվորները, որոնց պաշտպան Լ. Պողոսյանը կոչում է մեղադրական կողմի «պահեստային վկաներ», այդ վեճ-կռվում Վ. Հայրապետյանի դերակատարության մասին կցկտուր,հակասական ցուցմունքներ տվեցին: Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը Լ. Պողոսյանի միջնորդության որոշ ձեւակերպումների հետ համաձայն չլինելով հանդերձ` միացավ միջնորդությանը:
Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանն ասաց, որ պաշտպան Պողոսյանը փորձելով արդարացնել իր պաշտպանյալին, ամբաստանյալ զինվորներին ներկայացնում է բացասական լույսի ներքո,որ իբր նրանք բռնություն են գործադրել Արտակ Նազարյանի հանդեպ, նսեմացրել նրա արժանապատվությունը: Փաստաբան Մնացականյանը միջնորդությունը բավարարել-չբավարարելու հարցը թողեց դատարանի հայեցողությանը:
Կարդացեք նաև
Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչ , իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեցին, որ իրենք նախկինում էլ պնդել են, որ Արտակ Նազարյանն ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են, հարկավոր է քրեական գործ հարուցել սպանության հոդվածով: Ծովինար Նազարյանն ասաց, որ 5 ամբաստանյալներն անմեղ են, հավելելով.
-Եթե նրանց մեջ կլինեն մարդիկ, ովքեր մասնակից են Արտակ Նազարյանի սպանությանը, թող դատվեն:
Դատավոր Ս. Մարդանյանը պաշտպան Լեւոն Պողոսյանի միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի ժամը 14-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































