
Ուկրաինան ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության արդեն երկրորդ երկիրն է, որը հայտնվում է Հայաստանի հետ զենքի առք ու վաճառքի սկանդալի կենտրոնում: Բանն այն է, որ ցանկացած երկիր, ով թեկուզև «ժպտում» է Հայաստանին, Ադրբեջանը կամակոր երեխայի նման նեղանում, սպառնում և իհարկե, զոհի կերպարն ընդունած, սկսում է նվնվալ իր «հողերի բռնագրավման» պատմության շուրջ: «Ավաղ», աշխարհն «ադրբեջանական քաղաքական մոդելով», քաղաքականություն չի կառուցում: Մեծ հաշվով երկրներն ունեն իրենց տնտեսական, ռազմավարական, և ի վերջո ազգային շահերը: Մեր հարևանի մամուլի ներկայացուցիչներին վշտացրած այս լուրը, փայլուն կերպով մեկնաբանել է նաև հայտնի ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Օլեգ Կուզնեցովը, որը մասնավորապես ասել է. «անձնական ոչինչ չկա, դա պարզապես բիզնես է» («Ничего личного, это – только бизнес»):
Ի վերջո տվյալ թեմայի շուրջ շատ բան խոսելու բան էլ չկա, պարզապես պետք է արժանին մատուցել Ադրեջանի իշխանական-քաղաքական էլիտային, որ զսպեց իր երբեմն հիստերիայի հասնող վարքը: Մնում է, որ մամուլի ոլորտի ներկայացուցիչներն էլ սկսեն հասկանալ և նման դեպքերից չսրտնեղեն: Այս կապակցությամբ կարելի է մի փորքիկ խորհուրդ տալ մեր կոլեգաներին և ասել, որ գաղութատիրական Բրիտանիայի արտաքին քաղաքականության անկյունաքարը վաղուց արդեն դարձել է համաշխարհային քաղաքականության անքակտելի բաղադրիչը. «Չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական բարեկամներ: Կան հավերժական շահեր»:
Էրիկ Երիցյան

















































