
Դեսպանը ալ վարդեր մատուցեց մարզուհիներին, ջերմորեն ողջունեց Հայաստանի պատվիրակությանը եւ մաղթեց հաջող մասնակցություն 14-րդ պարալիմպիկ խաղերում: Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իրենց կազմակերպության եւ Բրիտանական դեսպանատան համագործակցությունը ջերմ է ու բարեկամական: «Բրիտանական դեսպանատունը միակն է, որ պարալիմպիկ խաղերից առաջ հետաքրքրություն է ցուցաբերել եւ ջանքեր գործադրել, որպեսզի մենք կարողանանք միջոցառումներ կազմակերպել ու մասնակցել եւ պարալիմպիկ խաղերի մասին հանրությանն ավելի շատ տեղեկատվություն հաղորդվի: Օրինակ, որ Մարգարիտան մասնակցում է պարալիմպիկ խաղերին, Բրիտանական դեսպանատան դերն էլ կա այդ գործում, ինչի համար շնորհակալ ենք», – ասաց Հակոբ Աբրահամյանը եւ հույս հայտնեց, որ հաջորդ պարալիմպիկ խաղերին Հայաստանը կմասնակցի ավելի շատ մարզիկներով:
Մարզուհիները նույնպես շնորհակալություն հայտնեցին դեսպանին իրենց հանդեպ ցուցաբերած հոգատարության համար, ասացին, որ Լոնդոն մեկնում են լավ մարզավիճակում եւ կանեն ամեն բան, դեռ մի բան էլ ավելին, որպեսզի հնարավորին չափ հաջող հանդես գան: Իսկ Aravot.am-ը մաղթեց, որպեսզի Գրետան եւ Մարգարիտան Լոնդոնում Հայաստանի սպորտի պատմության մեջ դառնան պարալիմպիկ խաղերի առաջին հաղթողները, կամ մեդալակիրները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































