
Քանի որ «ծեծվողների» ցանկում շրջանառվում էր նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանի անունը, մենք նրան խնդրեցինք մեկնաբանել այս լուրերը: «Դրանք ընդամենը խոսակցություններ են, և դուք առաջին մարդն եք, որ ինձ նման բան եք ասում, բայց Սամվել Բալասանյանի հետ հանդիպումից հետո իրոք քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպում ունեցել եմ, և նա իրոք ճշմարտացի մի բան ասեց, ասեց` կարելի էր ասենք տեղյակ պահել, նոր գնալ հանդիպման, որովհետև նույն կառույցում ենք աշխատում: Ես էլ մինչև վերջ մտածեցի, քանի որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրել իր թեկնածությունը, կարող ենք ազատորեն տիրապետել մեր ցանկություններին: Ինչ-որ վիրավորական որևէ բան համենայնդեպս չի եղել իմ և քաղաքապետի միջև: Ես մտել եմ քաղաքապետի աշխատասենյակ, ոնց մտել, նորմալ էդպես դուրս եմ եկել, մարդկանց հետ զրուցել, հանգիստ անցել, պարզապես իրոք էթիկայի խնդիր է էստեղ առաջացել. քաղաքապետին հանդիպման գնալուց առաջ պիտի հարցնեի՞, թե՞ չպիտի հարցնեի` հակասությունը էստեղ է: Որևէ մեկի դուրը չէր գա Սամվել Բալասանյանի հետ հանդիպման գնալը, դուք էլ լինեինք պարոն Ղուկասյանի փոխարեն ձեր դուրն էլ չէր գա: Էդ է ամբողջ պատմությունը, էլ ուրիշ հարց` համենայնդեպս իմ հետ կապված որևէ պրոբլեմատիկ հարց չկա», -վստահեցրեց թանգարանի տնօրենը:
Ի դեպ նա արդեն դիմում է ներկայացրել աշխատանքից ազատման, որը սակայն բացատրում է ոչ թե քաղաքապետի` իրենից նեղվելու փաստով, այլ Գյումրիում տեղի ունեցող իշխանափոխությամբ և իր անձնական բիզնեսով` մեղվապահությամբ զբաղվելու ցանկությամբ: «Տարիներ շարունակ եղել եմ քաղաքապետի թիմից, տարիներ շարունակ աշխատել եմ ի շահ քաղաքի, և մշակույթի բաժնում և գրադարանների կենտրոնացման համակարգում»,-ասաց նա: Մեր այն հարցին էլ` եթե Սամվել Բալասանյանն իրեն առաջարկի աշխատանքը շարունակել Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում, կհամաձայնի՞, «Մտածելու խնդիր է», -պատասխանեց թանգարանի տնօրենը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































