
Իզմիրի միջազգային տիեզերական ճամբարում հայկական խմբի ղեկավար Արտակ Զարգարյանը նշեց, որ ճամբարում մասնակիցները ծանոթացել են տիեզերագիտության ձեռքբերումներին, իրականացրել տարբեր գիտափորձեր եւ մարզվել իրական տիեզերագնացների պես. «Մեր մասնակցությունը հաջողված եմ համարում, ոսկե մեդալ ենք ստացել: Ծրագրի առաջին փուլում ծանոթացանք Ստամբուլի հայկական համայնքի մշակութային ժառանգությանը, հաջորդիվ եղանք Իզմիրում, իսկ ետդարձի ճանապարհին ծանոթացանք Արեւմտյան Հայաստանին»: Արտակ Զարգարյանը հավելեց, որ Լեհաստանի եւ Ռուսաստանի կրթական հաստատությունների հետ մշակվում են համագործակցության ծրագրեր:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասաց. «Մենք ցույց տվեցինք Թուրքիային, որ ըստ պատշաճի կարող ենք մասնակցել միջազգային ծրագրերին: 2013թ.-ին կունենանք մեր տիեզերական ճամբարը, որը բաց կլինի հետաքրքրվողների առաջ»:
Տիեզերական ճամբարի մասնակից Հայկ Ղազարյանը նշեց, որ շատ է ցանկացել մասնակցել ծրագրին. «Երազանքս իրականացավ՝ տեսա Ստամբուլի տեսարժան վայրերը, որոնցով հետաքրքրված էի հատկապես պատմության դասաժամերի շնորհիվ: Ճամբարում ձեռք բերեցի արաբ, ռուս եւ թուրք ընկերներ, որոնց հետ մինչ օրս շփվում եմ սոցիալական ցանցով: Նրանք չգիտեին Հայաստանի մասին, բայց ընկերանալուց հետո ուզում էին այցելել Հայաստան: Բաժանվելուց բոլորն արտասվում էին. կյանքիս ամենաուրախ օրերն էին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































