Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» թիմը չի երեւում»

Օգոստոս 30,2012 13:56

Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը մեկնաբանում են Լարիսա Ալավերդյանի գնահատականը՝ «Ժառանգության» մարտավարության մասին:

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշել է, որ հիասթափվել է իր կուսակցության որդեգրած մարտավարությունից. «Ժառանգությունը» որդեգրել է ինձ համար խորթ քաղաքականություն: Այն մեթոդները, որ կարող է օգտագործել որեւէ խոշոր կուսակցություն՝ իրեն կարող են քննադատել, դատապարտել եւ այլն, դա նրան չի սասանում, չպիտի օգտագործի փոքր կուսակցությունը, դա ինձ համար օտար մեթոդիկա է»: Տիկին Ալավերդյանը նաեւ ափսոսանքով է նկատել, որ թերեւս պետք էր պահպանել «փոքրերի» միակ զենքը՝ ազնվորեն բոլոր երեւույթներին արձագանքելը:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց, որ Լարիսա Ալավերդյանը իր այդ կարծիքը «Ժառանգության» քաղաքականության մասին մշտապես է ասել. «Նախընտրական շրջանում նա իր այդ դիրքորոշումը շատ հստակորեն ասել է կուսակցության ներսում, ինչպես նաեւ իրեն իրավունք է վերապահել ասել դա նաեւ հրապարակավ»: Մենք պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ Դուք է՞լ եք կիսում այդ տեսակետը, համաձա՞յն եք նրա հետ: Նա պատասխանեց. «Ի գիտություն եմ ընդունում բոլոր տեսակետները եւ գտնում եմ, որ դեռեւս ժամանակ կա համոզվելու, թե որքանով ճիշտ որոշումներ ենք կայացրել գոնե նախընտրական շրջանում: Այս կապակցությամբ ես թերեւս ժամանակի քննությանը կսպասեմ: Ոչ երկար ժամանակով, բայց բոլոր դեպքերում կսպասեմ՝ համոզվելու համար, թե որ տեսակետն էր ճիշտ, այնուամենայնիվ»:

«Ժառանգություն» կուսակցության մեկ այլ անդամի՝ Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ «Լարիսան ազատ է մեկնաբանությունների մեջ, ինքը կուսակցության անդամ չէ: Ես կուսակցության անդամ եմ: Ես նաեւ մասնակցել եմ այդ քվեարկություններին, կողմ եմ եղել, թե ձեռնպահ՝ բայց մասնակցել եմ: Այսինքն՝ կուսակցությունն ինչ որոշում կայացրել է՝ ես դրան մասնակցել եմ: Հետեւաբար ես չեմ կարող այդ գնահատականները տալ, ինչ տիկին Լարիսան: Ես ինչ-որ տեղ համաձայն չեմ այնքանով, որքանով ես դրան մասնակից եմ»: Ինչ վերաբերում է Լարիսա Ալավերդյանի այն կարծիքին, որ պետք էր պահպանել փոքր կուսակցությունների միակ «զենքը»՝ ազնվորեն բոլոր երեւույթներին արձագանքելը, տիկին Բախշյանը չհամաձայնեց. «Բոլոր երեւույթներին էլ արձագանքում է, ուղղակի ինքը երեւի նկատի ունի «Վահե Ավետյան» հասարակական շարժումը, «Ժառանգությունն» արձագանքել է իր հայտարարություններով: Բայց առաջ դա մենք այլ ձեւով էինք անում: Հիմա առանձին-առանձին կուսակցության կողմից հայտարարություն է արվում, այնպիսի տպավորություն է, որ կուսակցությունից գնացող չլինի: Առաջ այդպես չէր»: Մեր դիտարկմանը, որ առաջ «Ժառանգությունը» առաջին գծում պայքարողներից է եղել՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Հիմա էլ: Ես էլ եմ գնացել, Ստյոպան էլ է գնացել, Զարուհին էլ է գնացել, բայց՝ առանձին-առանձին: Թիմը, թիմային աշխատանքը չի երեւում, որովհետեւ խմբակցությունը հիմա այլ կորիզ ու այլ անդամներ ունի: Սա է տարբերությունը, իսկ փոքր կուսակցությանը հատուկ ազնվություն ասելով՝ ինքը նկատի ուներ անցած 5 տարիներին մեր խմբակցության վարքը՝ Ազգային ժողովում: Այսօր չգիտենք՝ կարո՞ղ է նույնը լինի, կապրենք՝ կտեսնենք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031