
Պարզվում է՝ մինչ Ստեփանակերտի հրապարակում տոնախմբությանը մասնակցելը ԱԺ մի խումբ պատգամավորներով որոշել են իրենց մասնակցությունն այդ տոնակատարությանը սկսել առաջին գծից՝ սահմանից եւ այցել Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջին գիծ: Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ «Բավականին հուզիչ եւ հետաքրքիր էր մեզ համար այդ ամեն ինչը տեսնելը, թեպետ ես առաջին անգամ չէի դա տեսնում, ինձ համար դա նորություն չէր, մինչ պատգամավոր լինելը տարբեր առիթներով եղել եմ սահմանագծին, բայց այն քաջությունն ու հասունությունը, որ մենք տեսանք մեր զինվորների ու հրամանատարների մեջ՝ մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Ղարաբաղի անկախությունը սկսվում է հենց առաջին գծից: Ոչ թե այն համերգից, որը տեղի կունենա Ստեփանակերտի հրապարակում, այլ այն սահմանից, որտեղ հայ զինվորը կանգնած է եւ պաշտպանում է իր հայրենիքը: Հրամանատարները ուղղակի խնդրեցին մի բան փոխանցել: Իրենց խնդրանքը հետեւյալն էր՝ բանակի մասին որեւէ կարծիք հայտնելիս պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ Արցախի այսօրվա անկախությունը սկսում է հենց այդ սահմանագծից: Բանակի հրամանատարները խնդրեցին փոխանցել, որ բանակին պետք են սիրո եւ գնահատանքի խոսքեր: Իհարկե, ցանկացած բանակ խնդիր ունի, պարզապես ավելի ջերմ վերաբերմունքն ավելի օգտակար կլինի այսօր մեր բանակի համար, քան այն գնահատականները, որոնք միայն ցավ են պատճառում»: ԱԺ պատգամավորի դիտարկմամբ՝ անձամբ իր համար շատ կարեւոր է այն, որ ե՛ւ զինվորները, ե՛ւ հրամանատարները ուղղակի դողում են բանակի հասցեին հնչող ցանկացած կարծիքի հանդեպ, շատ ուշադիր են ցանկացած գնահատականի հանդեպ:
Մարգարիտ Եսայանից նաեւ հետաքրքրվեցինք, թե Ղարաբաղում ինչպես են ընդունել Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու լուրը: Նա ասաց, որ այնտեղ նույնպես շատ բորբոքված են, շատ վիրավորված եւ հիասթափված են եվրոպական որոշ կառույյցներից, առաջին հերթին՝ Հունգարիայից. «Ուղղակի իրենց բարկությունը մարդիկ արտահայտում էին սրանով՝ մեր անկախության տոնակատարությունը պատասխանն է այդ կարգի բոլոր դեպքերին, որ տեղի են ունենում: Ղարաբաղցիների մեջ այսօր վրեժխնդրության նման մի բան կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































