
Ամեն ինչ այսքան լավ չէր լինի, եթե պաշտոնական Երեւանը այլ, ավելի կոնկրետ պահանջներ ներկայացրած լիներ իր գործընկերներին, օրինակ՝ պահանջեր, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները հայտարարեին, որ խաղաղ բանակցությունների շարունակման համար անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության հիմքում ընկած էթնիկ հողի վրա արված մարդասպանության մեղավորը հայտնվի բանտում, հակառակ դեպքում՝ հնարավոր չէ երկու ժողովուրդներին պատրաստել խաղաղության
համաձայնագրի կնքման։ Սակայն, նման պահանջ ներկայացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի ՀՀ իշխանությունները նախապես տեղեկացված չլինեին Սաֆարովի էքստրադիցիայի եւ դրա հնարավոր հետեւանքի՝ ներման մասին։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները տեղյակ են եղել, իսկ այն, որ հայտարարում են՝ Հունգարիայից պատասխանել են, թե նման բան չկա, նույնն է, թե՝ Հունգարիայից հայտարարում են՝ Ադրբեջանից ասել են, որ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել հայրենիքում։
Մի խոսքով, ակնհայտ է, որ գործ ունենք «Ազատություն Ռամիլ Սաֆարովին» միջազգային օպերացիայի հետ, որի դիմաց կողմերից յուրաքանչյուրը ինչ-որ բան ստացել է։ Այս պահին տեսանելի է միայն Ադրբեջանի ստացածը, եւ կասկածներ կան Հունգարիայի ստացածի մասին։ Իսկ թե ինչ են ստացել Հայաստանն ու նրա «գործընկերները», ցույց կտա ժամանակը։
Աննա Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայկական ժամանակ»


















































