
Իսկ որն է այն քաղաքական դրդապատճառը, որ ստիպեց Սերժ Սարգսյանին՝ չխոչընդոտել Սաֆարովի ազատությանը։ Նույնը՝ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրությունը։ Թեպետ դրանով Սերժ Սարգսյանը ոչ թե հերոսացավ, այլ ուղիղ հակառակը, սակայն, նրան հերոսանալ պետք էլ չէր։ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է, նույն գործոնը կարող է, իհարկե, ծառայել միեւնույն նպատակին, բայց մոտիվացիաները բոլորովին այլ են։ Մասնավորապես, պատերազմի վերսկսման վտանգը, որին նվիրված՝ Հայաստանում մեծ էնտուզիազմով ասուլիսներ են հրավիրում գեներալներն ու քաղաքական գործիչները, եւ որի վրա յուղ են լցնում մտավորականներն ու հասարակական-քաղաքական տարբեր ուժեր՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից ճանաչել Ղարաբաղի անկախությունը, սպասվող նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին նույնքան պետք է, որքան Իլհամ Ալիեւին։ Իհարկե, կարելի է առարկել, ասելով, թե նախագահական ընտրություններին դեռ վեց ամիս կա, եւ ամեն ինչ կարող է մինչ այդ փոխվել։ Սակայն, ի պատասխան այդ առարկության, կարելի է նաեւ պնդել, որ ընտրությունների համար առավել կարեւոր է հենց առաջիկա երկու, երեք ամիսը, երբ երկրում քաղաքական վերադասավորումներ էին կանխատեսվում, որոնք էլ պետք է ազդեին ընտրությունների ելքի վրա։ Եվ ահա, այդ վերադասավորումների շրջանում երկրի գլխին կախվում է պատերազմի վերսկսման վտանգ: Սա իր հետ բերում է մի տեսակ համերաշխության մթնոլորտի ձեւավորում, բթացնում է քաղաքական հակառակորդներ լինելու զգացողությունը, ետին պլան է մղում Սերժ Սարգսյանի կառավարման օրոք երկրին հասցված չարիքների մասին քննարկումները, եւ լայն հնարավորություն է ստեղծում, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ամենաընդդիմադիրները ձեռնպահ մնան քաղաքական արկածախնդրությունից եւ պետականությունը վեր դասեն ամեն ինչից։ Այս ամենի նշույլներն արդեն տեսանելի են։ Սինչդեռ պատերազմի վտանգը էլ ավելի ռեալ դարձնելու միջոցներ միշտ էլ կգտնվեն, ու այդ դեպքում Հայաստանում արտագաղթի, տնտեսական վիճակի, աղքատության, իշխանափոխության անհրաժեշտության ու բազմաթիվ այլ բաների մասին խոսակցությունների փոխարեն կհնչի կոչ՝ «համախմբվել գործող նախագահի շուրջը»։ Ահա այն քաղաքական դրդապատճառը, որ ստիպեց Սերժ Սարգսյանին՝ ոչնչով չխոչընդոտել Սաֆարովի էքստրադիցիային, խաբվել հունգարացիների կողմից եւ մեկ օր անց ԼՂՀ անկախության տոնի առիթով հայտարարել. «(…) մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրելու դեպքում կռվելու ենք եւ հաղթելու (…)»:
Աննա Վ.ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայկական ժամանակ»


















































