
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ՀԱԿ պատգամավորն ասաց, որ նախարարի պատասխանից տպավորություն է ստացել, որ նման վիճակագրություն ընդհանրապես գոյություն չունի: Ավելին, ըստ տիկին Սարգսյանի, ոչ ոք չի էլ փորձել անգամ զբաղվել այդ խնդիրներով, որովհետեւ դրանք տվյալ գերատեսչությունների եւ նախարարությունների համար, միեւնույն է, լուծելի չեն: «Հանքարդյունաբերության ոլորտը մոնոպոլիզացված է եւ գտնվում է ուղիղ իշխանության վերնախավի ձեռքին: Ոչ ոք որեւէ նախարարի թույլ չի տա ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Քանի որ նախարարներն էլ լիագույն կախվածության մեջ են իշխանություններից ոչ թե իրենց մասնագիտական պարտավորությունները կատարելու, այլ նշանակվել-հրաժարվելու մասով, որեւէ կերպ չեն փորձում ընդդիմանալ վարչապետին: Բնականաբար, ի վիճակի էլ չեն խնդիրներ լուծել»,- ասաց տիկին Սարգսյանը:
Տիկին Սարգսյանին հետաքրքրում էր նաեւ` արդյո՞ք առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները համատեղ ջանքերով չեն կարողանում հանքարդյունաբերող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Հարցին հստակ պատասխան չհնչեց: Մինչդեռ, մեր զրուցակիցը կարծում է, որ ազգային իշխանությունը միայն կօգտագործեր բնապահպանական շարժումների կատարած աշխատանքը, նրանց ներկայացրած փաստերը, որոնք, ըստ էության պետական գերատեսչությունների կողմից պետք է արվեր: «Ոչ ոք չի փորձում հանքերի շահագործման տարածքներում անգամ պարտադիր բժշկական ապահովագրության մասին մտածել: Պետությունը պետք է գոնե բարոյականություն ունենա եւ այդ մարդկանց պարտադիր բժշկական ապահովագրությունն իր վրա վերցնի»,- ասում է տիկին Սարգսյանը: Եթե նշյալ նախարարները «կոմպլեքս» ունեն բնապահպանների հետ առնչվելու, տիկին Սարգսյանը պատրաստ է կապող օղակ հանդիսանալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև


















































