
Թե ինչ կտա բանաձևի ընդունումը Հայաստանին և ինչն է պատճառը, որ բանաձևում որևէ կոնկրետ պահանջ Ադրբեջանին չի ներկայացված, Aravot.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Երվանդ Բոզոյանի և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ զրույցում: Երվանդ Բոզոյանը նկատեց. «Այս բանաձևի ընդունումը Հայաստանին ոչ մի բան էլ չի տա: Այն որևէ էական ազդեցություն գործընթացի վրա չի թողնի: Պարզապես Եվրամիությունն այդ բանաձևն ընդունեց ինքն իր համար, քանի որ Եվրամիությունը այդպիսի բանաձև չընդունել չէր կարող, քանի որ այդպիսի խայտառակ պայմաններում չարձագանքել չէր կարող»: Իսկ այն հարցի կապակցությամբ, թե ինչո՞ւ ընդունվեց մի բանաձև, որը չի պարունակում Ադրբեջանի հանդեպ որևէ կոնկրետ պահանջ, պարոն Բոզոյանը նշեց. «Բանաձևում որևէ կոնկրետ սանկցիա, գործիք, տեխնոլոգիական լուծումներ չկան, որ Ադրբեջանին պարտադրեն, կամ Ադրբեջանին որևէ հակառակ որոշումներ լինեն: Փաստորեն որևէ առարկայական որոշումներ չկան, որ կիրառվեն Ադրբեջանի հանդեպ: Ոչ մի բան չասող ռեզոլյուցիա է, պարզապես այն ուղենիշ էր ցույց տալիս Հայաստանին և Ադրբեջանին, թե իրար հետ խաղաղ ապրեք»:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նկատեց, թե բանաձևի ընդունումն արդեն իսկ Հայաստանին ինչ-որ բան տվել է և հավելեց. «Պարզապես պիտի պտուղներից կարողանալ օգտվել: Բանաձևն օգտագործել բոլոր միջազգային ատյաններում, դիվանագիտական բոլոր խողովակներով, ոչ թե դա դարձնել ներքին օգտագործման համար, որ մենք հայերով ասենք ու ուրախանանք»: Իսկ այն, որ բանաձևն այսպիսին է, քաղտեխնոլոգն այս կապակցությամբ ասաց. «Դա Ադրբեջանի կշռով չէ պայմանավորված, այլ արևմտյան հերթական լղոզված դիվանագիտության արդյունք, ինչպես ասում են եվրոպական կոմպլեմենտարության արդյունք: Այստեղ Ադրբեջանի լոբբինգի խնդիր չէ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































