Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-ի ընդունած բանաձևի մասին. «Դեպի մեր կողմը ռեվերանս էր, որ բավարարվածություն ապրենք և հանգստանանք»

Սեպտեմբեր 14,2012 17:31

Aravot.am-ը շարունակում է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման փաստը դատապարտող՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ կարծիքներ ստանալ հայ քաղաքագետներից: Նշենք, որ նրանց մեծամասնությունն այս փաստաթղթի հետ մեծ հույսեր չի կապում, այլ նշում է, որ այն ընդունվեց զուտ նրա համար, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տրվի, որ միջազգային ատյաններն ինչ-որ կերպ արձագանքում են կատարվածին: Այն հարցին, ի՞նչ կտա Հայաստանին բանաձևի ընդունումը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Կոնկրետ պահանջներ դժվար է սպասել: Դա թույլ կամ մեղմ դերակատարություն ունեցող հայտարարություն է: Բայց կարևորում եմ այն հանգամանքը, որ քաղաքական առումով ֆիքսվեց այն իրողությունը, որը քննադատում է ադրբեջանահունգարական գործարքը: Կարծում եմ՝ նման գնահատականներ անհրաժեշտ են, դրանք ինչքան շատ լինեն, մեզ համար ավելի լավ միջազգային հանրության հետ քարոզչական աշխատանքի իմաստով»:

Մեր մյուս հարցադրմանը, թե ո՞րն էր պատճառը, որ բանաձևում Ադրբեջանին կոնկրետ պահանջեր չեն ներկայացվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եվրոպան այդքան էլ մեծ ցանկություն չունի որոշակի պատասխանատվություն կամ քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանում զարգացող գործընթացներին ներգրավվելու առումով: Մանավանդ, եթե կա կոնֆլիկտ և պատերազմի վերսկսման լուրջ մտահոգությունը, ապա Եվրոպայում խուսափում են ներգրավվելուց, քանի որ Բրյուսելում լավ հասկանում են, որ դա կնշանակի պատերազմի վերսկսելու ժամանակ կրել պատասխանատվություն: Դա է պատճառը, որ լուրջ դիրքորոշում չկա, այլ կան շատ ընդհանուր գնահատականները»:

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ Աշոտ Ենգոյանն էլ նշեց. «Դա մեր երկրի արժեքից է բխում, քանի որ յուրաքանչյուր քաղաքական քայլ անելիս հաշվարկվում է, թե որքանով է այս կամ այն պետությունը արժեւորվում համաշխարհային քաղաքական դաշտում: Այդ առումով պարզ պատճառներով Ադրբեջանն այսօր իհարկե ավելի արժեւորված է ավելի, քան Հայաստանը, որքան էլ այնտեղ ոչ ժողովրդավարական համակարգ գործի, իսկ մեզ մոտ լինեն շատ դրական տեղաշարժեր: Հատկապես այս պարագայում Ադրբեջանի հետ հույսեր են կապվում հենց միայն էներգետիկ առումով: Ուստի գտնում եմ, որ շատ ավելի հեռու գնացող մտքեր ունեն այդ կապակցությամբ: Բանաձևն ընդամենը դեպի մեր կողմը ռեվերանս էր, որ բավարարվածություն ապրենք և մի փոքր հանգստանանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930